Հետաքրքիր մանրամասներ են պարզվում Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ ուկրաինական նկարահանող խմբի Լեռնային Ղարաբաղ այցելելու կապակցությամբ սկսած «հաշիվներ մաքրելու» պատմությունից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ խոսքը Դմիտրի Վոլկովի՝ «1+1» հեռուստաալիքով հեռարձակված «15 հանրապետություններ» հաղորդման մասին էր: Լեռնային Ղարաբաղի մասին ռեպորտաժը լուրջ հիստերիա էր բարձրացրել Բաքվում: Ադրբեջանի ԱԳՆ-ն եւ Կիեւում այդ երկրի դեսպանատունը շտաբել էին բողոքի նոտա ուղարկել ուկրաինական կողմին:

Ի պատասխան ուկրաինական դեսպանատունը ներողություն էր խնդրել ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին հավաստիացումներ բերել:

Սակայն պարզվում է, որ պատմությունն ունի հետաքրքիր մանրամասներ:

Այսպես, ԱՊԱ-ի հարցմանն ի պատասխան՝  Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիեւը տեղեկացրել է, որ«1+1» հեռուստաալիքը հավատարմագրման համար դիմել է ԱԳՆ, սակայն ոչ մի հավատարմագրում էլ չի ստացել:  «Այդ ալիքի ներկայացուցիչները լրագրողական գործունեությամբ են զբաղվել Ադրբեջանի տարածքում՝ չհետեւելով հավատարմագրման կանոններին եւ համապատասխան քարտ չստանալով, որն օրենքի խախտում է», - հայտարարել է գերատեսչության ներկայացուցիչը: Ստացվում է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն իզուր է  զայրանում, թեկուզ անվանական թույլտվություն նա չէր էլ պատրաստվում տալ:

Մեկնաբանելով իրադրությունը՝ «1+1» հեռուստաալիքի «15 հանրապետություններ» ծրագրի  հաղորդավար Դմիտրի Վոլկովը հայտարարել է. 

«Ես պարզապես ճամփորդել եմ եւ ցույց տվել այն, ինչ տեսել եմ եւ լսել: Եթե որեւէ մեկին նեղացրել եմ, ներողություն: Չեմ ցանկացել: Պետք չէ տիեզերական դավադրության տեսություններ առաջ քաշել: Ես  հարգում եմ բոլոր ժողովուրդներին: Ադրբեջանը հիանալի երկիր է: Մենք այնտեղ ընկերներ ձեռք բերեցինք եւ հիանալի շփումներ ունենք: Սակայն դրան զուգահեռ Ադրբեջանի ԱԳՆ-ն մեր ոչ մի հայտին չի պատասխանել: Իսկ հայերը պատասխանել են»: