NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողների ուշադրությանն է ներկայացնում արտաքին քաղաքական հարցերի տեսաբան Փոլ Քոյերի՝ ամերիկյան «Forbes» ամսագրում հրապարակված հոդվածը:

Կենտրոնական Ասիայում գերիշխանության համար Չինաստանի հետ Ռուսաստանի մրցակցությունը, թվում է, վաղուց արդեն դատապարտված է՝ ռուսական եւ չինական տնտեսական հզորության անհամաչափ հարաբերակցության պատճառով: Չինաստանի՝ առանց այն էլ ուժեղ տնտեսական դիրքը տարածաշրջանում վերջին շրջանում ավելի է ուժեղացել այն բանից հետո, երբ Պեկինը հայտարարեց տարածաշրջանում միլիարդավոր դոլարների խոշոր ներդրումների մասին, ինչն այն ավելի շատ կկապի Չինաստանի հետ:

Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ տնտեսական անհամաչափությունն ավելի ուժեղացավ Մոսկվայի՝ ինքն իրեն հասցրած վերջին վերքերից հետո եւ էներգակիրների գների անկման հետեւանքով: Ռուսաստանի տնտեսական դժվարությունները, թվում է, ներքեւ են քաշում նաեւ Կենտրոնական Ասիայի հարեւան երկրներին՝ չնայած Չինաստանի հետ նրանց տնտեսական սերտ կապերին, եւ դա ուժեղացնում է տարածաշրջանում տպավորությունը, որ Ռուսաստանը տնտեսական լավ գործընկեր չէ:

Այս ամենն ավելի բարդացրեց Վլադիմիր Պուտինի խնդիրը՝ հարեւաններին համոզել ԵՏՄ-ին անդամակցելու ճանապարհով իրենց կապել Ռուսաստանի հետ, եւ Կենտրոնական Ասիային ավելի շատ ուղղեց դեպի Չինաստան: Քիչ «բլիթներ» ունենալով հարեւաններին անդամակցության հարցում համոզելու համար՝ Պուտինը դիմում է «մտրակի» օգնությանը՝ նվաճման եւ վախեցնելու օգնությամբ: Հայաստանը դրա օրինակն է:

Հայաստանը կարող է զգալի կորուստներ ունենալ՝ կապված լինելով Ռուսաստանի հետ եւ չունենալով ազատ առեւտրի մասին համաձայնագիր Եվրամիության հետ, որը նրա թիվ մեկ առեւտրային գործընկերն է: Բացի այդ, Հայաստանը, հավանաբար, կբախվի իր առեւտրային գործընկերների՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամների հատուցմանն այն բանի համար, որ ԵՏՄ-ն Երեւանին կխրախուսի բարձրացնել դրույքաչափերը ԵՏՄ անդամ չհանդիսացող գործընկերների համար, ինչը, ակնհայտորեն, կհանգեցնի ԱՀԿ-ի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների խախտմանը: Սակայն Հայաստանի հանդեպ Կրեմլի լծակները զգալի են. ամեն ինչից զատ՝ Մոսկվան երաշխավորում է նրա անվտանգությունը (չնայած նաեւ զենք է վաճառում Հայաստանի ուժեղ մրցակցին՝ հարեւան Ադրբեջանին, այնպես որ՝ այդ զենքային հարաբերություններն օգնում են ընդգծել կարեւորությունն այն բանի, որպեսզի Հայաստանը Մոսկվայի արտահայտած ցանկությանը հակառակ չգործի):

Որքան ավելի շատ անկում ապրի ռուսական տնտեսությունը եւ որքան ավելի շատ դեպի ներքեւ քաշող այդ ուժն ազդի հարեւանների տնտեսությունների վրա, այնքան շատ Պուտինը կհիմնվի վախեցնելու քաղաքականության վրա՝ հարեւաններին ԵՏՄ-ին անդամակցության հարկադրելու համար: Ռուսաստանի կողմից վախեցնելու անհրաժեշտությունը եւ այն փաստը, որ ռուսական նույնիսկ աննշան ճնշման դեպքում Ռուսաստանի հարեւան երկրների տարբեր ղեկավարներ դեռեւս դժկամությամբ են ձգտում մտնել Մոսկվայի ուղեծիր, շատ բան է ասում: Դժկամ գործընկերները դժվար թե կայուն, երկարատեւ հարաբերություններ հաստատեն: Այդ պատճառով ակնհայտ է, որ ինչ շահ էլ Պուտինը ստանա կարճատեւ հեռանկարում, դրանք, ամենայն հավանականությամբ, ժամանակավոր կլինեն: