Ղրղըզստանի Եվրասիական տնտեսական միություն մտնելուց հետո Հայաստանի մաքսային գանձումների ծավալը չի նվազի: Այս մասին դեկտեմբերի 2-ին խորհրդարանում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի նախագծի քննարկման ընթացքում հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը: ԵՏՄ մաքսային գանձումներից Հայաստանին հասնում է ընդհանուր ծավալի 1,13%-ը:

Ըստ նրա՝ Հայաստանի եւ ԵՏՄ մյուս երեք երկրների տոկոսը կարող է նվազել, սակայն բացարձակ արժեքը կմնա նույնը. համամասնորեն կբարձրանան մաքսային գանձումները, որքան որ բերի Ղրղըզստանը:

Հիշեցնենք, որ 2014 թ. մաքսային գանձումներից Հայաստանը նախատեսում է  ստանալ 110 մլն դոլարի շահույթ:  2015 թ. ծրագրվում է առավելագույնը 129 մլն: Անցյալ տարի ՄՄ-ն իր ներսում բաշխել էր  26 մլրդ դոլարի մաքսատուրք: Հայաստանին բաժին ընկնող 1,13% մաքսատուրքերը կկազմեին շուրջ 300 մլն դոլար: