Շատ եմ ցանկանում իմանալ, թե որ գիշերվա մասին էր խոսում Հայաստանի իշխանությունը, ինչ է տեղի ունեցել այդ ժամանակ: Այս մասին դեկտեմբերի 2-ին խորհրդարանում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի նախագծի քննարկման ընթացքում հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«2014թ. հունվարի 31-ին, երբ Սերժ Սարգսյանը հանդիպեց Պրահայի հայ համայնքի հետ, նրան ասացին, թե ինչու չհարցրեց արտերկրի հայերի կարծիքը ԵՏՄ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ: Եվ նա պատասխանեց. «Մենք չենք կարող մի գիշերում բոլորին հարցնել»: Չե՞ք ասի՝ որ գիշերվա մասին է խոսքը եւ ինչ է այդ ժամանակ տեղի ունեցել»,- հարցրել է Փաշինյանը:
Ի պատասխան ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը նշել է, որ Եվրասիական ինտեգրման որոշումը Հայաստանում բնավ էլ մի գիշերում չի կայացվել: «Չգիտեմ ինչ գիշերվա մասին եք ասում: Այս գործընթացը տարիներ է տեւել: Ես անձամբ եմ ներկա եղել բանակցություններին, եւ մենք փորձում էինք հասկանալ՝ ինչպես Հայաստանի վրա կազդի ապագա Եվրասիական միությունը եւ ինչպես՝ Եվրամիությունը»,- ամփոփել է Կարայանը:




























