Դեկտեմբերի 1-ի  ցերեկը Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում ՝ Ռիմ-Այլենդ նորաոճ թաղամասի Բուտիկ-մոլ առեւտրի կենտրոնի զուգարանում, ԱՄՆ-ի քաղաքացի է սպանվել:

Ըստ ականատեսների՝ կնոջը սպանել են սուր առարկայով, որը հայտնաբերվել է դեպքի վայրում: Զոհը փորձել է դիմադրել: Տեսախցիկների արձանագրած կադրերում երեւում է սպանության կասկածյալը, որը ավանդական սեւ հագուստով է եղել՝ դեմքն ամբողջությամբ ծածկված նիկաբով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Gulf News թերթը:

Աբու Դաբիի ոստիկանության Կենտրոնական քննչական վարչության պետ գնդապետ Մուհամադ Ռաշիդ Բորշիդը նշել է, որ սպանվածը 37-ամյա ամերիկուհի է, որն ուսուցչուհի է աշխատում մայրաքաղաքի դպրոցներից մեկում: Նա 11 տարեկան երկվորյակ երեխաներ ունի: Սպանված կնոջ ամուսինը, որից նա ամուսնալուծված է եղել, ԱՄԷ-ի սահմաններից դուրս է բնակվում:

Ըստ քննիչների՝ հանցագործության դրդապատճառներն անհայտ են: