ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին uefa.com-ում իր գնահատականն է տվել աշխարհի առաջնության կազմակերպմանը եւ հավաքականների ելույթին:

Պլատինին դեռ չավարտված առաջնության կազմակերպումը գնահատել է չափազանց դրական` նշելով, որ ՀԱՀ-ի ժողովուրդը փայլուն է լուծել դրված շատ բարդ խնդիրը. Աֆրիկայում առաջին անգամ անցկացվող առաջնությունը մեծ հաջողությամբ է անցնում:

Հյուրընկալությունը, ջերմությունն ու պատվախնդրությունը օգնեցին Հարավային Աֆրիկայի ժողովդրին պատվով դուրս գալ փորձությունից: Պլատինին ակնածանքով է արտահայտվել հարավաֆրիկացիների մեծահոգության մասին: Կազմակերպիչ երկրի ժողովուրդը  կարողացավ հարազատ հավաքականի պարտությունից հետո նույն ջերմությամբ քաջալերել մյուս թիմերին:

Պլատինին նաեւ անդրադարձել է ֆուտբոլային կողմին, առանց համեստության նշելով եվրոպական ֆուտբոլային տնտեսության հաջողությունները:

Պլատինիի կարծիքով որեւէ պատահականություն չկա, որ ուժեղագույն քառյակում երեք եվրոպական երկրներ են, որոնց տարբեր տարիքային խմբերի հավաքականները նախորդ տասը տարիներին նվաճել են բոլորից շատ տիտղոսներ: Ֆուտբոլի մենեջմենթի, կառավարման ու տեխնիկական ծրագրերը տվել են արդյունք: ՈւԵՖԱ-ի ֆուտբոլի զարգացման ծրագիրը հնարավորություն է տալիս առաջին անգամ Եվրոպայից դուրս անցկացվող առաջնությունում եվրոպական հավաքականի նվաճել աշխարհի գավաթը: Պլատինին չի հավատում Ուրուգվայի ուժերին:

Պլատինին հաջողություն է մաղթել պայքարում մնացած երեք եվրոպական թիմերին`ցանկանալով ուժեղագույնի հաղթանակը: