Ֆուտբոլի երկրպագուները, ովքեր անհամբերությամբ սպասում են ֆուտբոլի աշխարհի առաջնության Գերմանիա-Իսպանիա կիսաեզրափակիչ խաղին, կրկին դիմել են Պաուլ անունով ութոտնուկի օգնությանը, որը գուշակում է, թե ով է հաղթելու խաղում։ Գերմանիա-Իսպանիա խաղը տեղի կունենա հուլիսի 7-ին, Դուրբանում։  Գուշակության արդյունքները չեն ուրախացրել գերմանացիներին. Պաուլը, որն ապրում է Գերմանիայի Օբերհաուզեն քաղաքի ակվարիումում, գուշակել է Գերմանիայի հավաքականի  պարտությունը։ Խաղից առաջ ակվարիումի մեջ են իջեցնում երկու պլաստիկե տարաների մեջ դրված խխունջներ։ Տարաներից մեկի վրա պատկերված է Գերմանիայի, իսկ մյուսում՝ նրա մրցակից թիմի երկրի դրոշը։ Կախված այն բանից, թե ութոտնուկը ո՞ր երկրի դրոշով տարայից կհանի խխունջը, այդ երկրի թիմն էլ կդառնա հաղթող։ Այս տարբերակով ութոտնուկը գուշակել է Գերմանիայի հաղթանակը Ավտրալիայի, Գանայի, Անգլիայի ու Արգենտինայի թիմերի նկատմամբ, ինչպես նաեւ Գերմանիայի պարտությունը Սերբիայի թիմի նկատմամբ։ Երեքշաբթի՝ հուլիսի 6-ին, Պաուլն ընտրել է Իսպանիայի թիմի դրոշով տարան, եւ այդ արարողությունը մի քանի հեռուստաընկերություններ եթեր են հեռարձակել։

Ութոտնուկը, որը ծնվել է Մեծ Բրիտանիայում, սակայն բնակվում է Գերմանիայում, ֆուտբոլային խաղերի արդյունքների գուշակություններով սկսել է զբաղվել 2008 թվականից՝ Եվրոպայի առաջնության ժամանակ։ Այդ ընթացքում ութոտնուկը 80 տոկոսով ճիշտ է գուշակել Գերմանիայի հավաքականի խաղերի արդյունքները։