Այսօր հայտնի կդառնա աշխարհի առաջնության եզրափակիչի առաջին մասնակիցը: Ուշ երեկոյան, 23:30-ին Քեյփթաունի Գրին Փոյնթ ստադիոնում իրար դեմ դուրս կգան Ուրուգվայի և Հոլանդիայի հավաքականները: Երկու թիմերն էլ ՀԱՀ-ում դեռ պարտություն չեն կրել:

Հոլանդացիները, որոնք քառորդ եզրափակիչում հաղթեցին Բրազիլիային նախորդ մի քանի տասնամյակում շատ ավելի վստահ են հանդես գալիս, քան ուրուգվայցիները, սակայն տիտղոսներով զիջում են մրցակցին: Հոլանդիան երբևէ չեմպիոն չի դարձել, իսկ Ուրուգվայը` երկու անգամ: Սակայն այնքան վաղուց է դա եղել` 1930-ին և 1950-ին, որ դրան նշանակություն են տալիս միայն Ուրուգվայում:

Այս թիմերն ընդամենը երկու անգամ են հանդիպել: Մի անգամ ընկերական խաղում 1980-ին Մոնտեվիդեոյում հաղթել են ուրուգվայցիները, մի անգամ էլ 1974-ի աշխարհի առաջնության բացման խաղում Հոլանդիան Ջոնի Ռեպի դուբլի շնորհիվ հաղթել է 2:0 հաշվով: Այդ առաջնությունում Հոլանդիան հասավ մինչև եզրափակիչ և պարտվեց գերմանացիներին:

Ուրուգվայիցիները աշխարհի առաջնություններում եվրոպական թիմերին չեն կարողանում հաղթել արդեն 13 հանդիպում: Վերջին անգամ Ուրուգվայը 1970-ին հաղթել է խորհրդային ֆուտբոլիստներին:

Հոլանդացիներն այս տարի անցկացրած բոլոր ինը հանդիպումներում հաղթանակ են տարել, առանց պարտությունների հանդիպումների շարքը հասցնելով 24-ին:

Այսօր բուքմեքերները բացահայտ ֆավորիտ են համարում հոլանդացիներին. Ուրուգվայի հաղթանակ` 7.50, ոչ ոքի` 3.50, Հոլանդիայի հաղթանակ` 1.61: Ուրուգվայի եզրափակիչ դուրս գալը` 3.40, Հոլանդիայինը` 1.30: