Վերջին շրջանում ընդդիմադիրների դեմ բռնարարքները հրապարակային եւ ցինիկ, անպատժելի ահաբեկության փաստեր են, որոնք ուղղված են վախի մթնոլորտի, ներքին գրաքննության համակարգի ձեւավորմանը: Այս մասին հայտարարություն է տարածել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունում ասվում է.
«Նախախորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանի, ազատամարտիկներ Սուրեն Սարգսյանի, Մանվել Եղիազարյանի ու Ռազմիկ Պետրոսյանի, ՀԱԿ Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանի, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ բռնությունները, «Նախախորհրդարանի» անդամների անձնական ավտոմեքենաների հրկիզումները հանդիսանում են ՀՀ-ում կարծիքի արտահայտման ազատության նկատմամբ հրապարակային եւ ցինիկ, անպատժելի ահաբեկության փաստեր, որոնք ուղղված են վախի մթնոլորտի, ներքին գրաքննության համակարգի ձեւավորմանը:
Բռնությունների թիրախ դարձած անձինք ունեն մեկ ընդհանրություն. նրանք բոլորն էլ հանրությանը հայտնի են ՀՀ-ում իշխող ռեժիմի, անձամբ Սերժ Սարգսյանի գործունեության սուր քննադատությամբ: Բռնությունների հերթական շարանը հանդիսանում է մինչ այժմ Հայաստանի Հանրապետությունում ոչ լեգիտիմ իշխանության եւ նրա առանձին ներկայացուցիչների գործունեությունը քննադատողների նկատմամբ բռնություն կատարած անձանց եւ նրանց պատվիրատուների անպատժելիության հետեւանքը:
Դրա ամենաթարմ ապացույցն է ՀՀ փոխոստիկանապետ, ՀՀ Ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Լյովա Երանոսյանի հրապարակային մեկնաբանությունները, որոնց համար նա ընդամենը ստացավ նկատողություն: Սերժ Սարգսյանի եւ նրա ներկայացուցիչների կարծիքին չհամապատասխանող քաղաքական հայացքների, դիրքորոշումների, կարծիքների համար ՀՀ քաղաքացիների նկատմամբ բռնությունների, ծեծի, ճնշումների, հետապնդումների կիրառումը, ավելին դրանց հրապարակավ չդատապարտումը իշխանությունների կողմից, համարում ենք ուղղակի հովանավորչություն, որը նպաստում է դրանց շարունակմանը: Բռնությունների անմիջական կատարողներին բացահայտելուց եւ նրանց պատասխանատավության ենթարկելուց բացի, առավել կարեւոր է հրապարակային քաղաքական գնահատական տալ դրանց հանգեցնող գործոններին, որոնց թվում որոշիչ նշանակություն ունեն իշխող կուսակցության ներկայացուցիչների, պետական մարմինների, հատկապես իրավապահ կառույցների ղեկավարների, նաեւ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր հանդիսացողների կողմից լրագրողների, քաղաքացիական ակտիվիստների, քաղաքական գործիչների նկատմամբ հրապարակային բռնության դեպքերը, կոչերը, որոնք չեն դատապարտվել եւ կանխվել, չեն ստացել իրավական եւ, քաղաքական գնահատականներ:
Նշված բռնությունները հետեւանք են նաեւ բռնությունների ընտրողական դատապարտման պրակտիկայի, որի դրսեւորումներին բազմիցս ականատես ենք եղել ՀՀ անկախության ողջ ժամանակաշրջանում: Բռնության որեւէ դեպք չի կարող երբեւէ անտեսվել, անուշադրության մատնվել կամ չդատապարտվել՝ ելնելով քաղաքական, խմբային որեւէ շահից, բռնության ենթարկվողի քաղաքական, կրոնական, սեռային, սոցիալական, կրթական, ազգային կամ որեւէ այլ հատկանիշներից, կամ առաջնորդվելով նպատակահարմարությամբ: Բռնության նկատմամբ անտարբերությունը կհանգեցնի նրա տարածմանը` ինչպես ժանտախտի, որը կհանգեցնի եւ մարդկային, եւ սոցիալական, եւ քաղաքական, եւ քաղաքացիական, եւ հոգեւոր-մշակութային անդառնալի կորուստների:
Սույն հայտարարությամբ ահազանգում ենք. վտանգվում է ՀՀ-ում ինքնիշխան, իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետության սկզբունքները, ավելի է նվազեցվում պետական ինստիտուտների նկատմամբ քաղաքացիների առանց այն էլ ցածր մակարդակում գտնվող վստահությունը: Խստիվ դատապարտելով բռնությունների նշված դեպքերը, դրանց կատարման եւ բացահայտման անմիջական պատասխանատու ենք համարում ՀՀ քաղաքական իշխանությանը, պահանջելով բացահայտել ոչ միայն այն անմիջական կատարողներին, այլեւ բոլոր այդ դեպքերով իրականացնել հրապարակային քննություն»:




























