«Մենք կմահանանք, բայց կհաղթենք». Բաստիան Շվայնշտայգերի այս խոսքերը վառ ազդագիր են այն ճակատամարտին, որին ականատես է լինելու այսօր ամբողջ աշխարհը: Հնդկական օվկիանոսի ափին, Դուրբանում այսօր իրար դեմ դուրս կգան ֆուտբոլային Եվրոպայի երկու գերտերություններ:
Իսպանացիները ֆորմալ տեսանկյունից առաջին անգամ են խաղալու աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում, թեեւ 1950-ին Ուրուգվայի, Բրազիլիայի եւ Շվեդիայի հետ եղել են եզրափակիչ խմբում, որը համեմատելի է կիսաեզրափակիչ քառյակի հետ: Այն ժամանակ չեմպիոն էր հռչակվում շրջանաձեւ մրցակարգով անցկացվող քառյակի հաղթողը: Իսպանիան` 1:6 հաշվով պարտվելով Բրազիլիային, 1:3 հաշվով` Շվեդիային եւ 2:2 խաղալով Ուրուգվայի հետ, գրավեց 4-րդ տեղը, ինչը Իսպանիայի լավագույն արդյունքն է:
Գերմանացիները աշխարհի եռակի չեմպիոն են, նաեւ տասը անգամ դարձել են մեդալակիր: Գերմանիան, որը մինչեւ իսպանացիների հետ այսօրվա հանդիպումը չորսական գնդակ է խփել Անգլիային եւ Արգենտինային, կանի ամեն հնարավորը, որպեսզի ռեւանշի հասնի երկու տարվա վաղեմության պարտության համար: Իսպանիան Եվրոպայի առաջնության եզրափակիչում 1:0 հաշվով հաղթեց Գերմանիային: Միակ գոլի հեղինակը դարձավ Ֆերնանդո Տորեսը, որը Հարավային Աֆրիկայում արդեն 210 րոպե եղել է խաղադաշտում, բայց ոչ մի գոլ չի խփել, եւ չափազանց անհաջող խաղ է ցուցադրում: Այդուամենայնիվ Դել Բոսկեն վստահում է նրան:
Լյովն ունի լուրջ կադրային կորուստ` որակազրկված է Թոմաս Մյուլլերը, ով առայժմ ամենարդյունավետ ֆուտբոլիստն է. չորս գոլ, գումարած երեք գոլային փոխանցում:
Բուքմեյքերները չնչին առավելություն են տալիս իսպանացիներին. Գերմանիայի հաղթանակ`2.60, ոչ ոքի` 3.20, Իսպանիայի հաղթանակ` 2.70:
Գերմանիան դուրս կգա եզրափակիչ` 1.90
Իսպանիան դուրս կգա եզրափակիչ` 1.80



























