Այսօր տեղի կունենա ՀԱՀ-ում ավարտվող ֆուտբոլի աշխարհի առաջնության նախավերջին հանդիպումը: 3-րդ տեղի համար հանդիպման կամ խրախուսական եզրափակիչի անցկացման նպատակահարմարության մասին վեճերը տասնամյակներ շարունակ հանգիստ չեն տալիս ֆուտբոլային աշխարհին: Տանուլ տված կիսաեզրափակիչից հետո Գերմանիայի հավաքականում շատերը նշեցին, որ լրացուցիչ անիմաստ հանդիպման դուրս գալը դժվար կլինի: ՖԻՖԱ-ի ղեկավարությունը երրորդ տեղի համար խաղը համարում է կարեւոր ու հեղինակավոր եւ փոփոխությունների մասին չի մտածում:
Գերմանիայի հավաքականն արդեն 5-րդ անգամ կխաղա բրոնզե մեդալների համար եւ երկրորդ անգամ` Ուրուգվայի դեմ: 1970-ին Մեքսիկայում անցկացված առաջնությունում նվազագույն հաշվով հաղթանակ տարավ Արեւմտյան Գերմանիայի հավաքականը: Այսօր եւս ֆավորիտը գերմանացիներն են: Թիմի առաջատար Միրոսլավ Կլոզեն ընդամենը մեկ գնդակով է զիջում առաջնության ռեկորդակիր Ռոնալդոյին` 15 գոլ: Թիմի գլխավոր մենեջեր Օլիվեր Բիրհոֆը նշել է, որ թիմը կանի հնարավորը՝ Կլոզեին օգնելու համար: Գերմանացիների համար, սա թերեւս միակ մոտիվացիոն գործոնն է այսօր:
Ուրուգվայն այս անգամ լավագույն արդյունքը ցույց տվեց Հարավային Ամերիկայի թիմերի մեջ, թեեւ վարկանիշով ամենաթույլն էր:
Հարավամերիկացիների համար աշխարհի երրորդ թիմ ճանաչվելը հսկայական շարժիչ ուժ է, եւ նրանք արդեն հայտարարել են, որ կիսաեզրափակիչով չեն բավարարվի, իսկ Դիեգո Ֆորլանը դեռ ունի հնարավորություն պայքարել մրցաշարի լավագույն ռմբարկուի կոչման համար:
Գերմանիայի հավաքականը երեք անգամ` 1934-ին, 1970-ին եւ 2006-ին դարձել է բրոնզե մեդալակիր, Ուրուգվայը` երբեք:
Բուքմեյքերների կանխատեսումը. Ուրուգվայի հաղթանակ` 5.00, ոչ ոքի` 3.80, Գերմանիայի հաղթանակ` 1.65:




























