Վաղը, բոլորս ներքին դատարկություն կզգանք ու այդպես կշարունակվի առնվազն մի քանի օր: Մեկ ամսվա ամենօրյա ֆուտբոլային վարակն այդքան շուտ չի նահանջի: Այսպես լինում է չորս տարին մեկ անգամ: Վարակվում ենք սեփական կամքով, բայց բուժվում ենք ստիպված ու շոկային թերապիայով: Սակայն նախքան այդ տանջանքը դեռ ունենք մեկ երեկո, որը երբեք չի մոռացվի. Տեսնողը հաստատ չի մոռանա:

Անսովոր ու շատ սպասված, տասնամյակներ սպասված եզրափակիչ է լինելու: Հոլանդական ու իսպանական ֆուբոլի միլիոնավոր երկրպագուներ այս օրվան սպասել են գրեթե մեկ դար: Հոլանդական ու իսպանական ֆուտբոլն իր գեղեցկագույն խաղով տասնամյակներ շարունակ աշխարհին ոճ է թելադրել ու միլիոնավոր սրտեր նվաճել, բայց երբեք չի կարողացել աշխարհի գավաթը նվաճել ու կանգնել բրազիլական, արգենտինական, գերմանական, իտալական, անգլիական, ֆրանսիական, նույնիսկ ուրուգվայական ֆուտբոլի չեմպիոնական շարքում:

Այսօր ֆուտբոլային աշխարհում թարմության մի մեծ ալիք կանցնի: Մեծագույն ցանկություն է, որ և Իսպանիան, և Հոլանդիան լինեն չեմպիոն, մեծագույն ցանկություն է, որ թիմերն այնպիսի խաղ մատուցեն, որ վերջում միաբերան ասենք` երկուսն էլ արժանի էին այսօր բարձրացնել գավաթը, լինեն բազմաթիվ գոլեր, լինի լրացուցիչ ժամանակ, ֆուտբոլային վիճակահանություն` հետխաղյա 11 մետրանոցներն այնքան էլ ցանկալի չեն, բայց թեկուզ և դա, միայն թե չլինի զգուշավոր, պաշտպանական խաղ: Այս ամենը երկրպագուի դիրքերից: Իսկ պրոֆեսիոնալների համար այսօր իհարկե կարևորը գավաթն է, թեկուզ մեկ գոլով, կամ մեկ վրիպման գնով:

Հոլանդիա – Իսպանիա` 23:30-ին:

Այսօր բուքմեքերների գործակիցներն այնքան էլ տեղի չեն: Այսօրվա եզրափակիչի նման խաղերում ֆավորիտ ասվածը չափազանց պայմանական է: Բայց դե խաղադրույքներ միևնույնն է ընդունվում են. Հոլանդիայի հաղթանակ` 3.40, ոչ ոքի` 3.30, Իսպանիայի հաղթանակ` 2.10: Գավաթը կնվաճի Հոլանդիան` 2.50: Գավաթը կնվաճի Իսպանիան` 1.57: