Թուրք եւ հայ ձկնաբույծներին Ռուսաստանի շուկայում տեղերը կբավականացնեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց թուրքական «Agromey» ագրոհոլդինգի մարթեքինգի եւ վաճառքի գծով տնօրեն Թոլգա Ուրյուքը:
Ամեն դեպքում, առայժմ պետք չէ խոսել հայկական եւ թուրքական կողմերի միջեւ հնարավոր հակամրցակցային գործողությունների մասին: «Կարծում եմ՝ ռուսական ներկրողներն արտադրանք են փնտրում ոչ միայն Թուրքիայում, այլեւ այլ երկիներում: Հատկապես այն բանից հետո, երբ ուժի մեջ մտավ արեւմտյան մթերքի էմբարգոն: Այդ պատճառով կարծում եմ, որ ապագայում ռուսական շուկայում լավ հեռանկարներ կբացվեն երկու երկրների արտահանողների համար»,- հավելեց Ուրյուքը:
Նշենք, որ FAO-ի՝ հասանելի վերջին վիճակագրական տվյալների համաձայն, 2012 թվականին Թուրքիան աշխարհում 25-րդ տեղն է զբաղեցրել ավազանային ձյան արտադրության առումով: Օգոստոսի կեսերին Ռուսաստանի «Ռոսռիբոլովստվո» դաշնային գործակալության ղեկավար Իլյա Շեստակովը հայտարարել է, որ Ռուսաստան թարմ ձուկ կարող են ներմուծել Թուրքիայից, Թունիսից եւ Ֆարերյան կղզիներից: Միաժամանակ, Ռուսաստանը նաեւ հայ ձկնորսների հիմնական արտահանման շուկան է:
Օգոստոսի 7-ին Ռուսաստանը Եվրամիությունից, Նորվեգիայից, Կանադայից, ԱՄՆ-ից եւ Ավստրալիայից մթերքների ներմուծման էմբարգո սահմանեց՝ ի պատասխան հակառուսական պատժամիջոցների:




























