Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ հուլիսի 16-ին ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ) Հայաստանի ծրագրերի ղեկավար Հեննինգ Պեդերսենին։ ԳԶՄՀ-ի` որպես ՄԱԿ-ի մասնագիտական գործակալություններից մեկի նպատակն է աջակցել գյուղական տարածքներում աղքատության հաղթահարմանը։

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում Հեննինգ Պեդերսենը ներկայացրել է ԳԶՄՀ «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագիրը» եւ ծրագրի հաստատման հետագա քայլերի ժամանակացույցը։ Նա նշել է, որ ծրագիրը բաղկացած է երկու հիմնական բաղադրիչից` «Աջակցություն պտղի եւ ընկուզեղենի արտադրությանը» եւ «Գյուղական ենթակառուցվածքներ»:

Առաջին բաղադրիչի ներքո  նախատեսվում է նպաստել պտղի եւ ընկուզեղենի կենսունակ արտադրության եւ պայմանագրային այգեգործության զարգացմանը, երկրորդ բաղադրիչի ներքո` հասարակական ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների իրականացում (գազամուղներ, ոռոգման եւ խմելու ջրագծեր, գյուղական ճանապարհներ եւ այլն):

Վերոնշյալ ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2011-2015 թթ. ընթացքում։ Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 52 միլիոն դոլար է։ Հիմնական ֆինանսավորումն իրականացնելու է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը (IFAD), համաֆինանսավորողներն են` Նավթ արդյունահանող երկրների (OPEC) միջազգային զարգացման հիմնադրամը (OFID) եւ ՀՀ կառավարությունը։ Այն ընդգրկում է Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերը։ Ծրագիրը կներկայացվի Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի խորհրդի հաստատմանը։