Բելառուս կինոռեժիսոր Սերգեյ Լոզնիցան «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում կներկայացնի իր առաջին խաղարկային՝ «Իմ ուրախություն» ֆիլմը։ Հուլիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց հենց ինքը՝ ռեժիսորը։
Այն բեռնատարի վարորդ Գեորգիի մասին է, ով իր անհավատարիմ կնոջը թողնելով, երկար ու դժվարին ուղեւորության է մեկնում: Նրա բեռնատարը, շեղվելով ճանապարհից եւ մոլորվելով ռուսական գավառի վայրի անդաստաններում, դանդաղորեն ընթանում է դեպի իր նպատակակետը: Վարորդը ճանապարհին հանդիպում է տարբեր մարդկանց եւ խորասուզվում մի աշխարհ, որը վերափոխում է նրա ինքնությունը. այդ աշխարհը լի է վախով, դաժանությամբ ու դավաճանությամբ:
Լոզնիցայի ֆիլմերում գյուղական միջավայրը մեծ տեղ է գրավում։
«Երբ մենք Սմոլենսկի շրջանում նկարահանում էինք մեր ֆիլմերից մեկը, ես՝ քաղաքաբնակս, առաջին անգամ շփվեցի գյուղական կյանքի հետ, եւ այն ինձ վրա մեծ տպավորություն թողեց։ Ինձ թվում է՝ երկրում կատարվող ամենակարեւոր բաներն այնտեղ են տեղի ունենում։ Մոսկվայում շատ դժվար է տեսնել այդ ամենը, քանի որ շեղող տարրերը շատ են»,-ասաց Լոզնիցան։
Անդրադառնալով «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին՝ կինոռեժիսորն ասաց, որ այն շատ հետաքրքիր մթնոլորտ ունի, եւ փառատոնի ընթացքում կարելի է ծանոթանալ շատ հետաքրքիր մարդկանց հետ։




























