21-րդ դարի սկզբին Հոլանդիան կարողացավ գրանցել համաշխարհային ռեկորդ՝ գազիֆիկացման մակարդակը կազմեց 99,9 տոկոս։ Դրան մեծապես նպաստեց այն, որ երկրի հյուսիսում հայտնաբերվեց Գրոնինգենի գազի հանքավայրը։ Հայաստանում գազիֆիկացման տեմպերն այնպիսին են, որ հոլանդական ռեկորդը կարող է եւ կրկնվել։ 2002 թ. համեմատ Հայաստանում գազիֆիկացման աստիճանը 21 տոկոսից բարձրացել է մինչեւ 94 տոկոս։ Եւ սա այն դեպքում, որ մեզ մոտ գազի հանքավայր չկա, ստիպված ենք բավարարվել ժամանակ առ ժամանակ պայթող ու սողանքներին չդիմացող Հյուսիս-Հարավ գազամուղի ընձեռած հնարավորություններով։ Թեեւ «Հայռուսգազարդը» կրկնակի ավելացրել է Աբովյանի ստորերկրյա գազապահեստարանի ծավալները՝ դրանք հասցնելով 130 մլն խոր. մետրի, Հայաստանի էներգետիկ կախվածությունը արտաքին ազդեցություններից բավական մեծ է։ Ներկայում վթարի դեպքում Հայաստանը կարող է ամառային ամիսներին մոտ 45 օր, իսկ ձմեռային ամիսներին՝ մոտ 25 օր յոլա գնալ սեփական ռեսուրսներով։ Նախկինում, երբ Հայաստանի գազամատակարարումը դադարում էր, Հայաստանը լավագույն դեպքում կարող էր դիմանալ 2 շաբաթ։
Գազիֆիկացման աստիճանով Հայաստանն առաջ է Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ բոլոր երկրներից, նույնիսկ գազով հարուստ այնպիսի երկրներից, ինչպիսիք են Ռուսաստանը, Ուզբեկստանը կամ Ադրբեջանը։ Համեմատության համար՝ Լեհաստանում գազիֆիկացման մակարդակը ընդամենը 40 տոկոս է, Ռուսաստանում եւ Ուկրաինայում՝ մոտ 55 տոկոս։ Ընդ որում՝ այդ երկրներում առաջիկա տարիներին 80 տոկոս ցուցանիշին հասնելը համարվում է մեծ հաջողություն։ ԱՊՀ երկրներից միայն գազով հարուստ Ուզբեկստանն է, որ համեմատելի է Հայաստանի հետ՝ ունենալով 75 տոկոս գազիֆիկացման մակարդակ։
Հայաստանը համաշխարհային առաջատարներից է ոչ միայն գազիֆիկացման մակարդակով, այլեւ բնական գազը որպես շարժիչային վառելիք օգտագործող երկրների շարքում։ Ըստ «Հայռուսգազարդի» տվյալների՝ տրանսպորտի ոլորտում որպես շարժիչային վառելիք սպառվող բնական գազը փոխարինում է շուրջ 300-330 հազ. տոննա նավթամթերքի, իսկ դրանից բխող ամենամյա տնտեսումը կազմում է մոտ 400 մլն դոլար։
«Հայռուսգազարդը», որը բնական մենաշնորհ ունի գազի ներմուծման, պահեստավորման եւ բաշխման համակարգում, գազասպառման ավելացման շնորհիվ կարողացել է էապես բարելավել իր ֆինանսական վիճակը։ Բավական է նշել, որ 2002-09 թ.թ. պետական բյուջե վճարումների ծավալն աճել է 11 անգամ, աշխատողների միջին աշխատավարձը՝ 2,5 անգամ։




























