Հայաստանում կա քաղաքական մենիշխանություն, եւ մենք զարգանում ենք դասական ասիական մոդելով` հիմքում ունենալով Խորհրդային Կոմկուսի մոդելը: Կոալիցիան մենք հնարավոր ենք դիտարկում միմիայն փաստացի իշխանություն, իրական իրավունքներ եւ պատասխանատվություն համատեքստում` այսինքն իրական կոալիցիայի պարագայում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին տված հարցազրույցում ասաց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցը:
Պարոն Բաղդասարյան, ինչո՞վ եք զբաղվում այժմ, ազատ ժամանակն ինչպե՞ս եք կազմակերպում: Հնարավո՞ր է Ձեզ առաջիկայում ինչ-որ պաշտոն տան:
Հարցի երկրորդ մասը կոռեկտ չէ ձեւակերպված, քանի որ ես ժամանակին կամովին հրաժարական եմ տվել երկրի երկրորդ եւ չորրորդ պաշտոններից հանուն իմ սկզբունքների, հանուն վաղվա նոր Հայաստանի իմ տեսլականի, հանուն իմ ժողովրդի: Պաշտոնները, որոնցից հրաժարական եմ տվել, քաղաքական պաշտոններ են, որոնք ես զբաղեցրել եմ իմ եւ իմ թիմի քաղաքական պայքարի եւ համապետական ընտրություններում մեզ վստահած հարյուր հազարավոր մարդկանց քվեի արդյունքում: Այսինքն, իմ կողմից պաշտոն զբաղեցնելը հենց այնպես ու ինքնանպատակ չի եղել: Ինձ համար պաշտոնը հնարավորություն եւ միջոց է իրականացնելու բոլոր այն լավ ու լուսավոր ծրագրերը, որոնք ունեմ ես եւ որոնք ունի «Օրինաց երկիրը»: Դրանց մի մասը մեզ հաջողվել է իրականացնել, մի մասը՝ ոչ: Սակայն ես վստահ եմ, որ ապագայում մեզ կհաջողվի բազում դրական փոփոխություններ բերել մեր ժողովրդի կյանքում:
Ուզում եմ նաեւ նշել, որ քաղաքականության մեջ ես երբեք չեմ եղել ոչ օգնական, ոչ էլ ենթակա: Իմ քաղաքական ուժի եւ տասնյակ հազարավոր մեր համախոհների համար ես առաջնորդ եմ, իսկ ավելի լայն քաղաքական դաշտում՝ գործընկեր: Սա արդեն իսկ նշանակում է, որ ես պաշտոն կարող եմ զբաղեցնել միայն իրական քաղաքական գործընկերության եւ իրական իշխանության պարագայում:
Ինչ վերաբերում է ազատ ժամանակին, ապա ես այն գրեթե չունեմ: Ես ղեկավարում եմ ՕԵԿ-ը, համակարգում եմ մեր խմբակցության գործունեությունը խորհրդարանում, նախագահում եմ երեք խոշորագույն բուհերի հոգաբարձուների խորհուրդը եւ բազմաթիվ այլ հարցեր:
Դուք միակն եք, ով չզբաղեցնելով որեւէ պաշտոն, Ազգային անվտանգության խորհրդի անդամ է: Ինչո՞ւ կոալիցիայից դուրս գալուց եւ ընդդիմություն դառնալուց հետո չհրաժարվեցիք թե՛ այդ, թե՛ Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից:
Ես անվտանգության խորհրդի անդամ եմ մնացել Հանրապետության նախագահի առաջարկով որպես թե՛ քաղաքական ուժի ղեկավար եւ թե՛ մի մարդ, ով առանցքային դերակատարություն է ունեցել Հայաստանում անվտանգության խորհրդի կայացման գործում: Ավելին, ես ՀԱՊԿ Ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահն եմ, որն այս տարի կտա իր մեկնարկը եւ որն ունենալու է կարեւոր դերակատարում ՀԱՊԿ շրջանակում որպես անալիտիկ վերլուծական եւ կրթական կենտրոն եւ անմիջականորեն առնչվելու է անվտանգության խնդիրների հետ: Անվտանգության խորհրդի անդամը վճարովի աշխատանք չէ եւ եթե իմ փորձը, կապերը կամ գիտելիքներն անհրաժեշտ են իմ հայրենիքին, ապա ես դրանք կներդնեմ առանց ավելորդ սեթեւեթանքների:
Ինչ վերաբերում է Վոլեյբոլի ֆեդերացիային, ապա առնվազն անընդունելի է այն կապել մարդու քաղաքական հայացքների հետ: Ինչ է, եթե ընդդիմադիր գործիչ եմ, ուրեմն չե՞մ կարող սպորտային մարզաձեւի ֆեդերացիայի, որն ի դեպ հասարակական կազմակերպություն է, ղեկավար լինել: Փաստենք նաեւ, որ Վոլեյբոլի ֆեդերացիան վերջին շրջանում լուրջ հաջողություններ է գրանցել: Մեզ արդեն գիտեն Վոլեյբոլի համաշխարհային եւ Եվրոպական ֆեդերացիաներում, որոնցից տեխնիկան եւ խորհրդատվական աջակցություն ենք ստանում: Փայլուն կապեր կան Ռուսաստանի Վոլեյբոլի ֆեդերացիայի հետ, որը գլխավորում է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը եւ արդեն Հայաստանի մարզիկներն անվճար ուսումնամարզական հավաքներ են ունեցել Ադլերում: Մենք անվճար ստանում ենք ցանցեր, գնդակներ եւ այլ կարգի աջակցություն, ինչը կարեւոր է Հայաստանում վոլեյբոլը զարգացնելու համար: Իսկ մարզաձեւի զարգացումը, հավաստիացնում եմ, որ եւ՛ ֆինանասներ եւ՛ ժամանակ է պահանջում: Հանրագումարում ես դա նույնպես անում եմ իմ երկրի վարկի համար: Ի դեպ այս տարի առաջին անգամ հայկական վոլեյբոլի պատմության մեջ Հայաստանում կանցկացվեն միջազգային մրցաշար` Եվրամիության եւ ԱՊՀ անդամ երկրների մասնակցությամբ:
Կցանկանայի գնահատեք ԲՀԿ-ի հետ տեղի ունեցածը: Ինչպե՞ս եք վերաբերում, որ թիվ 2 քաղաքական ուժը փլուզման շեմին է, բազմաթիվ ԲՀԿ-ականներ են լքում կուսակցությունը:
Այն, ինչ տեղի ունեցավ ԲՀԿ-ի հետ մեծ հաշվով բոլորի համար էլ պարզ է: Ինձ համար ակնհայտ է մի բան՝ կա Ծառուկյան, կա ԲՀԿ, չկա Ծառուկյանը, չի կարող լինել նաեւ ԲՀԿ-ն: Մնացածը ժամանակը ցույց կտա:
Ի՞նչ ապագա եք տեսնում ընդդիմադիր ԲՀԿ-ի համար, ՕԵԿ-ը կհամագործակցի՞ Նաիրա Զոհրաբյանի ղեկավարած ուժի հետ:
Նաիրա Զոհրաբյանին հաջողություն եմ մաղթում: Կոնկրետ հարցերի եւ խնդիրների շուրջ համագործակցությունից, որոնք կարող են մեր երկրի ու ժողովրդի համար դրական արդյունքներ ապահովել, ՕԵԿ-ը երբեք չի հրաժարվում եւ չի խուսափում:
Ըստ Ձեզ` ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանն այդպես կտրուկ եւ միանգամից հեռացավ ակտիվ քաղաքականությունից եւ որոշեց թողնել ԲՀԿ-ի հետ կապված ամեն ինչ: Ի՞նչ պայմաններ կարող են դրված լինել նրա առաջ կամ ի՞նչը կարող է ստիպել նրան այդպես վարվել:
Ծառուկյանը խոսել է իր որոշման մասին եւ այս առումով ավելացնելու ոչինչ չունեմ, որովհետեւ բոլորին էլ ամեն ինչ պարզ է:
Կա՞ն հայտնի անձինք` նախկին եւ ներկա պաշտոնյաներ, ԲՀԿ-ից հեռացածներ, ովքեր դիմել են ՕԵԿ-ին անդամագրվելու համար:
Միշտ էլ դիմում են ՕԵԿ-ին անդամագրվելու` մեզ հետ աշխատելու եւ պայքարելու համար: Իսկ վերջին շրջանում կուսակցությանն անդամագրվել ցանկացողների քանակը կտրուկ ավելացել է: Դա պայմանավորված է թե ներքաղաքական իրողություններով, թե մեր թիմի նկատմամբ վստահության բարձրացմամբ: Այո, կան նաեւ ԲՀԿ-ից հեռացածներ, որոնք դիմել են կուսակցությանը եւ որոնց մասին հանրությունը լրացուցիչ կտեղեկացվի:
Վերջին շրջանում հանդիպե՞լ եք Ռոբերտ Քոչարյանի հետ եւ ինչպե՞ս եք վերաբերում այն տեսակետին, թե 2006թ-ին երկրորդ նախագահի հետ պայմանավորվածությունների արդյունքում դուրս եկաք կոալիցիայից:
Քաղաքականության մեջ ինձ հաճախ հետապնդել են չարությունը, նախանձը եւ սեւ քարոզչությունը: Երբ 2006թ.-ին դուրս եկա ԱԺ նախագահի պաշտոնից, ասեցին, որ դա անում եմ Քոչարյանի հետ պայմանավորված: Այսօր, 10 տարի անց, բոլորը տեսան, որ դա կեղծիք է, որովհետեւ 2006թ.-ի դեպքերից հետո ՕԵԿ-ը կորցրեց շուրջ 17 պատգամավոր, տեսավ բազմաթիվ ճնշումներ, իսկ Քոչարյանի հետ այս 10 տարում ոչ մի անգամ ոչ հանդիպել եմ եւ ոչ էլ հեռախոսազրույց ունեցել, ուստի խոսել ինչ-որ պայմանավորվածությունների մասին առնվազն քաղաքական անբարոյականություն է: Երբ 2008թ.-ի ընտրություններում գրավելով 3-րդ, այլ ոչ թե 2-րդ տեղը, ընդունելով իշխանության առաջարկը կազմեցի կոալիցիա, չարախոսներն ասեցին, որ պաշտոնի համար կոալիցիա կազմեց: Երբ դուրս եկա անցած տարի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից, չարակամները պապանձվեցին: Երբ ասում էի, որ կոալիցիան թույլ տվեց, որ Հայաստանում չհոսի մեծ արյուն, որ արտաքին թշնամին դարանակալված է եւ ամեն պահի հնարավոր է արտաքին ագրեսիա, որոշները չարախնդում էին: Իսկ երբ վրացական եւ ուկրաինական հեղափոխությունների արդյունքում մեծաթիվ մարդիկ զոհվեցին եւ այդ երկրները կորցրեցին իրենց տարածքների մի մասը, նույն այդ չարախոսները նորից լռեցին: Ես երբեք սակայն իմ ընդդիմախոսներին չարությամբ չեմ պատասխանել: Ես գիտեմ մի ճշմարտություն` ժամանակն ունի համոզելու բացառիկ կարողություն եւ շատ մարդիկ, ովքեր ինձ ժամանակին քննադատում էին, այսօր ցանկանում են միանալ մեզ եւ միասին անցնել ապագայի ճանապարհը:
Կա կարծիք, որ ընդդիմադիր դաշտը դատարկ է մնացել եւ որոշակի մրցակցություն է սկսվել այդ տեղի համար: Կիսու՞մ եք այդ տեսակետը, հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանի քաղաքական դաշտում արեւմտամետ ուժերը փորձում են համախմբվել:
Չեմ կիսում հանրության համար վտանգավոր այդ տեսակետը, որը նաեւ սեւ քարոզչության էլեմենտներ է պարունակում իր մեջ: Ընդդիմադիր դաշտը դատարկ չէ եւ երբեք էլ դատարկ չի լինի: Ամեն քաղաքական ուժ պայքարում եւ աշխատում է յուրովի` իր սկզբունքների, ծրագրերի եւ ռազմավարությանը համահունչ: Իսկ բոլոր նրանք, ովքեր նման տեսակետներ են ակտիվ քարոզում, այդ մարդիկ մի կողմից նպատակ են հետապնդում վարկաբեկել ընդդիմադիր ուժերին, մյուս կողմից հանրությանը հուսահատության գիրկը գցել՝ զերծ պահելով նրանց հասարակական-քաղաքական ակտիվ գործընթացներից: Ես դեմ եմ, որ Հայաստանում ձեւավորվեն արեւմտամետ կամ ռուսամետ ուժեր: Բոլորը պետք է լինեն հայամետ, այլ խնդիր է, թե որ քաղաքական ուժը արտաքին քաղաքական որ վեկտորի հետ կապված ինչ դիրքորոշումներ ունի:
Ակտիվորեն շրջանառվում են նոր կոալիցիա կազմելու մասին խոսակցություններ, հնարավոր համարո՞ւմ եք ձեր վերադարձը կոալիցիա եւ ո՞ր դեպքում դա կարող է լինել:
Դա կարող է լինել միայն այն դեպքում, երբ ՕԵԿ-ը կունենա փաստացի իշխանություն, ինչն իրական հնարավորություններ կստեղծի լուծելու բոլոր այն խնդիրները, որոնք առկա են մեր երկրում: ՕԵԿ-ը դուրս է եկել կոալիցիայից եւ հրապարակավ հայտարարել է պատճառների մասին: Մենք կամովին հրաժարվել ենք նախարարական պորտֆելներից եւ բազմաթիվ այլ պաշտոններից: Այսօր Հայաստանը ծանր սոցիալ-տնտեսական վիճակում է: Օրեցօր մեծանում է երկրի արտաքին պարտքը, գործազրկության եւ արտագաղթի ծավալները մեծանում են արագընթաց տեմպերով, ժողովրդի հիմնական մասը ծայրաստիճան աղքատ վիճակում է, չկա հույս, հավատ, վստահություն: Անհրաժեշտ են կոնկրետ եւ վճռական քայլեր շտկելու իրավիճակը, հակառակ պարագայում այս ամենը ոչ մի լավ հանգրվանի մեզ չի հասցնելու: Ստեղծված իրավիճակում խոսել կոալիցիա կազմելու մասին հիմնավոր չէ, մանավանդ, որ Հայաստանում իրական կոալիցիաներ չկան ու չեն եղել: Հայաստանում կա քաղաքական մենիշխանություն, եւ մենք զարգանում ենք դասական ասիական մոդելով` հիմքում ունենալով Խորհրդային Կոմկուսի մոդելը: Կրկնում եմ, կոալիցիան մենք հնարավոր ենք դիտարկում միմիայն փաստացի իշխանություն, իրական իրավունքներ եւ պատասխանատվություն համատեքստում` այսինքն իրական կոալիցիայի պարագայում:
Որն է կուսակցությունների նպատակը ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում, իհարկե իշխանությունը, իշխանություն, որ հնարավորություն կտա իրականացնել քո ծրագրերը: ՕԵԿ-ը կողմ է միայն իրական իշխանությանը, միայն իրական կոալիցիային եւ իրական պատասխանատվությանը: Պետք է փոխվի մեր քաղաքական մշակույթը, պետք է իսկապես լինի կոլեգիալ պատասխանատվություն: Ժողովուրդը լավ է ասում` մի խելքը լավ է, մի քանիսը `ավելի լավը: Մենք պետք է կոնսոլիդացվենք: Իշխանությունը պետք է հրաժարվի մենիշխանությունից, կուսակցությունը չպետք է դառնա պետություն եւ փոխարինի պետական ինստիտուտներին: Մեզ անհրաժեշտ է իրական բազմակուսակցական քաղաքական իշխանություն:
«Օրինաց երկիրը» կողմ է այսպիսի կառավարմանը եւ մենք կմասնակցենք այդպիսի գործընթացներին` անելով հնարավորը, որպեսզի հնարավորություն ունենանք լուծել մեր երկրի եւ ժողովրդի խնդիրները: Կունենանք ամբողջական իրական իշխանություն, թե մասնակի իրական իշխանություն ցույց կտա ժամանակը, ժողովուրդը, առանցքային քաղաքական դերակատարները:
Խոսեցիք ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակից: Ի՞նչն է դրա պատճառը, արդյոք Կառավարությունը չի կարողանում լուծել իր առջեւ դրված խնդիրները:
Կառավարությունը գործում է իրավիճակով պայմանավորված՝ «այս պահին այսպես կլինի, այսպես կանենք» սկզբունքով, այսինքն ապրում ենք յոլա գնալու փիլիսոփայությամբ: Չկա պլանավորում, չկա արդյունքին միտված քաղաքականություն: Ես չեմ կարող չընդունել, որ կառավարությունը չի կարողանում լուծել այն խնդիրները, որոնք այսօր դրված են մեր ազգի առաջ: Կան բազմաթիվ գործիքներ, որոնք հնարավոր է կիրառել, բայց չեն կիրառվում, կան բազմաթիվ հնարավորություններ, որոնք չեն օգտագործվում, որովհետեւ նաեւ պետք է ունենալ ուժեղ թիմ, որը կգործի նպատակամղված եւ պլանավորված, պատասխանատու եւ ծրագրված` այդ բարեփոխումներն իրականացնելու համար, որը կհետապնդի կոնկրետ նպատակներ եւ ամենակարեւորը` կվարի արդյունքին միտված քաղաքականություն:
Տեսեք՝ առաջին անգամ Հայաստանում վերջին 10 տարում ընդունվեց մի բյուջե, որտեղ խոսք չկա անգամ աշխատատեղերի ստեղծման մասին: Եթե դուք վերցնեք նույնիսկ ամենահետամնաց երկրները, կառավարությունը հիմնական խնդիր է դիտարկում տնտեսության զարգացման, դիվերսիֆիկացման միջոցով, պետության կողմից գործուն մեխանիզմների կիրառման միջոցով երկրում սոցիալական խնդիրների լուծումը, որոնցից ամենակարեւորը պետք է լինի մարդկանց աշխատանք տալու, իր աշխատանքով հաց վաստակելու հնարավորությունը: Հետնահանջ ունենք տնտեսության բոլոր ճյուղերում: Արտահանման ծավալները ավելի քան 30 տոկոսով նվազել են նախորդ տարվա համեմատ: Երկրում արտասահմանյան ներդրումների գրեթե 0-ական ցուցանիշ ունենք: Սա է մեր իրականությունը, որտեղ ծանրագույն սոցիալական վիճակին չկա հակազդեցություն, ծրագրեր, չկան գործողությունններ: Տխուր են նաեւ համաշխարհային բանկի եւ մյուս միջազգային ֆինանսական կառույցների, միջազգային վարկանիշային կազմակերպությունների գնահատականները Հայաստանի տնտեսության մասին: Ես կանխատեսում եմ, որ վիճակը գնալով ավելի է վատանալու, քանի դեռ էական փոփոխություններ չեն կատարվել: Իշխանությունը պետք է գիտակցի, որ մեծ տնտեսական եւ սոցիալական կոլապսի մեջ ենք հայտնվել եւ պետք է վճռական պոռթկում կատարի: Ստեղծված իրավիճակում, երբ քաղաքական դաշտը ամբողջությամբ պարզաջրվեց, իսկ իշխանությունը, որ տոնեց իր պյուռոսյան հաղթանակը, պետք է հստակ գիտակցի, որ եթե բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով` /փող, վարչական ռեսուրս եւ այլն/ ինքը անհասանելի է այսօր քաղաքական դաշտում, չպետք է դառնա անվերահսկելի կամ անտանելի ու իսկապես միանձնյա այդ քաղաքական իշխանությունը դիվերսիֆիկացնի եւ ծառայեցնի ժողովրդի շահերին: Քաղաքական մենաշնորհի պայմաններում սոցիալական բեւեռացման նման վիճակը ծայրաստիճան վտանգավոր է երկրի համար: Ի վերջո, ես վստահ եմ, որ բոլորն են ընդունում, որ վիճակը ծանր է, իսկ իշխանությունը` գերազանցապես դրա գործադիր թեւը` կառավարությունն ուղղակի անզոր է որեւէ բան անել: Սա փաստ է, որը ես արձանագրում եմ:
Պարոն Բաղդասարյան, շատերն են խոսում, քննադատում, ի վերջո, ըստ ձեզ, ինչպե՞ս լուծել այդ խնդիրները, ինչ է հարկավոր անել:
Իմ համոզմամբ` մեզ իսկապես նոր սկիզբ է հարկավոր եւ այդ նոր սկզբի հիմքում պետք է դրված լինի Հայաստանում իրական փոփոխությունների հրամայականը:
Մենք իսկապես պետք է փոխենք մեր երկրում իշխանության բովանդակությունը, եւ դա կարող է նախաձեռնել ոչ միայն ընդդիմությունը, այլ նաեւ իշխանությունը: Մենք պետք է նոր սկիզբ դնենք բոլոր այն ուժերի, բոլոր այն մարդկանց հետ միասին, ովքեր պատրաստ են այդ փոփոխություններին: Մենք չպետք է ապրենք այս վիճակում, մեր ազգը, մեր ժողովուրդը արժանի չէ այս ծանր վիճակում ապրելու: Եվ եթե հիմա հաշվենք, թե ինչքան մարդ կա Հայաստանում, ինչքան մարդ է ապրում մեր երկրում, եւ եթե մենք օր առաջ լուրջ եւ վճռական քայլեր չձեռնարկենք, մեր ազգաբնակչությունը գնալով նվազում է, իսկ մեր գենոֆոնդն էլ պակասում եւ մեր ազգային անվտանգությունն էլ տուժում է:
Բազմիցս եմ նշել, որ, երբ կիրթ, գրագետ մարդը երկրում պահանջարկ չունի, դա ողբերգություն է: Փողը, ուժը, զոռբայությունը, որ առաջին պլանում են, կիրթ մարդն ո՞ւմ է պետք: Բայց այսօր ծնողը բերանից հացը կտրում` երեխային տալիս է կրթության, որ այդ երեխան հասնի հաջողության, իսկ երեխան սովորում դառնում է պատվավոր գործազուրկ: Իշխանության բովանդակությունը պետք է փոխվի` կրթված մարդկանց պահանջարկը մեծացնելով, ոչ թե կրթված մարդը մտածի` թողնեմ այս երկրից գնամ մի տեղ գործ կգտնեմ:
Սահմանադրական բարեփոխումների հետ կապված նախագահը սկսել է քննարկումների շրջան: Ինչպե՞ս եք վերաբերում այդ բարեփոխումներին:
Սահմանադրական փոփոխությունները քաղաքական եւ հանրային կարեւոր նշանակություն ունեն: Դրանց մասին «Օրինաց երկիր»-ը բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը: Այսօր, սակայն, սահմանադրական բարեփոխումների կոնկրետ նախագիծ չկա, հետեւաբար չեմ կարող գնահատական տալ չեղած փաստաթղթին: Միաժամանակ, մենք ունենք մեր ձեւավորված տեսակետները` գործուն եւ արդյունավետ զսպումներով եւ հակակշիռներով քաղաքական համակարգի առկայություն, իշխանության ճյուղերի միջեւ հարաբերակցության առավել բալանսավորվածություն, մեր երկրում անհրաժեշտ է իրականացնել ընտրական բարեփոխումներ` հատկապես հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին անցում, իրական անկախ դատական համակարգի ձեւավորում եւ այլն: «Օրինաց երկիրը» կողմ չէ նաեւ նախագահի ինստիտուտի վերացմանը, կամ դրա` զուտ խորհրդանշական բնույթին` հաշվի առնելով ներկայիս տարածաշրջանային ռազմաքաղաքական իրողությունները եւ ԵՏՄ անդամակցությունը, որը կառավարման ձեւի տեսանկյունից յուրօրինակ «նախագահական ակումբ» է, հետեւաբար նախագահի ինստիտուտի վերացումը կամ դրա` խորհրդանշական բնույթը Հայաստանի համար կարող է խնդրահարույց լինել: Հանդիպման դրականն այն է, որ Նախագահը պատրաստ է ոչ միայն լսել, այլ քննարկել եւ ընդունել ՕԵԿ-ի փաստարկված առաջարկները: «Օրինաց երկիր»-ը կողմ կլինի սահմանադրական այնպիսի բարեփոխումներին, եթե դրանք բերեն իշխանության թեւերի առավել բալանսավորման, ավելի հստակ դարձնեն կառավարման կառուցակարգերը: Իսկ եթե փոփոխությունները ոչինչ չեն տալու մեր հանրությանը, դրան աջակցել չենք կարող: Ուստի եւ մենք կմասնակցենք այդ քննարկումներին, որովհետեւ 18 տարեկան կենսագրություն ունեցող քաղաքական ուժը չի կարող դիտորդ լինել եւ թող ոչ ոք չկասկածի` կասենք մեր շիտակ եւ սկզբունքային դիրքորոշումը:
Պատրաստեց՝ Ինգա Մարտինյանը





























