ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն օրերս հայտարարեց, որ  հրապարակվել են  Ռուբեն Վարդանյանի  մեղադրական եզրակացության և դատավճռի անգլերեն թարգմանությունները և իրավաբանական համայնքին կոչ արեց ուսումնասիրել գործը: Թեմայի շուրջ NEWS.am-ը զրուցել է միջազգային իրավունքի մասնագետ, ELL PARTNERSHIP իրավաբանական ընկերության հիմնադիր գործընկեր Տարոն Սիմոնյանի հետ:

 -Պարոն Սիմոնյան, վերջերս  իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը հայտարարեց , որ առաջին անգամ  հրապարակվել են  Ռուբեն Վարդանյանի  մեղադրական եզրակացության և դատավճռի անգլերեն թարգմանությունները՝ 3302 էջ ընդհանուր ծավալով: Նա ներկայացրեց մի շարք աբսուրդային օրինակներ և կոչ արեց մասնագիտական հանրությանը  ուսումնասիրել գործը: Դուք, որպես միջազգային հարցերում մասնագիտացած իրավաբան, հասցրե՞լ եք  ուսումնասիրել այդ փաստաթղթերը:

-Դրանք, ինչպես նշեցիք, 3302 էջ  են կազմում: Հիմա մանրակրկիտ ուսումնասիրում եմ, և հավանաբար առաջիկայում ավելի ծավալուն գնահատական կլինի: Բայց  արդեն պարզ է, թե ինչի  հետ գործ ունենք:

Տիկին Սահակյանի նշած աբսուրդային օրինակներին կարող եմ ինքս էլ մի ամբողջ  շարք ավելացնել, ընդ որում՝ ոչ միայն աբսուրդային , այլ փնթիության, թափթփվածության, անտրամաբնության, մասնագիտական անձեռնահասության օրիանակեր:

·       Այսպես, օրինակ, Դատավճռի սկզբում Վարդանյանն ուղղակիորեն արձանագրված է որպես «նախկինում չդատված»։ Պատիժ նշանակելիս նույն դատարանը հղում է կատարում Ադրբեջանի քրեական օրենսգրքի այն հոդվածին, որտեղ սահմանված է «հանցագործության ռեցիդիվը»՝ որպես ծանրացնող հանգամանք։

·       Դատավճիռը մեղավոր է ճանաչում Վարդանյանին մեկ հոդվածով, բայց 14 տարվա ազատազրկում նշանակում է մեկ այլ հոդվածով (214-2), որը երբեք չի հայտնվել ո՛չ նախնական մեղադրանքում, ո՛չ մեղավոր ճանաչող եզրափակիչ ցանկում։ Պարոն Վարդանյանը հնարավորություն չի ունեցել պաշտպանվել այն մեղադրանքից, որով, ի վերջո, դատապարտվել է։

·       Ավիացիայի անվտանգության հոդվածով (այո, նման հոդվածով էլ է Վարդանյանին մեղադրանքառաջադրված՝ 270-1.2) դատարանն ինքն է գրում, որ քրեական հետապնդման երկամյա ժամկետը լրացել է։ Այնուհետև, դրանից հետո մեղավոր է ճանաչում Վարդանյանին այդ նույն հոդվածով։ Դատարանն ինքն է հայտարարում, որ իրավունք չուներ քրեական հետապնդումը շարունակելու, բայց շարունակում է և պատիժ է նշանակում։

·       Դատավճռում ուղղակիորեն նշվում է, որ Վարդանյանը «հրաժարվել է ցուցմունք տալուց և ապացույցներ չի ներկայացրել», և այդ հանգամանքը հետագայում ներկայացվում է, որպես մեղադրանքը հիմնավորող ապացույցներից մեկը։ Մինչդեռ ցուցմունք չտալը ամբաստանյալի սահմանադրական իրավունքն է, ոչ թե մեղքի ապացուցման հանգամանքներից մեկը։ Ապացուցման բեռը միշտ կրում է մեղադրող կողմը։

·       Պարոն Վարդանյանը մեղավոր է ճանաչվել այն գործողությունների ու իրադարձությունների համար, որոնք կատարվել են 1988-2022թթ՝ մինչև այն պահը, երբ ինքը ստանձնել է պետական պաշտոն Արցախի Հանրապետությունում։ Օրենքի հետադարձ ուժի կիրառման նման անտրամաբանական օրինակ հնարավոր չէր երևակայել։ Դատավճռի առաջին մի քանի հարյուր էջը նկարագրում է Արցախյան առաջին պատերազմի ընթացքում ինչ-որ ենթադրյալ իրադարձություններ, որոնք կատարվել են տարբեր հայերի կողմից, իսկ վերջում դատարանը հանգում է այն եզրակացության, որ այդ բոլոր գործողությունները կարելի է վերագրել պարոն Վարդանյանին, քանի որ նա միացել է Արցախի Հանրապետությանը, որը, ըստ Ադրբեջանի, «Հայաստանի Հանրապետության կողմից ֆինանսավորվող ապօրինի և ահաբեկչական կազմակերպություն էր»։ Դժվար չէ կռահել, թե ուր է տանում այս տրամաբանությունը․ այն է՝ Հայաստանի պատասխանատվության, ինչը մեր իշխանությունները, կարծես, չեն ցանկանում հասկանալ։

·       2022 թ. սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության վրա Ադրբեջանի հարձակմամբ պայմանավորված սահմանային իրադարձությունները տեղի են ունեցել Հայաստանի ինքնիշխան տարածքում, Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին, ոչ թե Արցախում։ Դատավճիռը շրջում է դերերը՝ ադրբեջանական զինվորականների վնասվածքները ներկայացնելով որպես «հայկական սադրանք», և ամբողջը ներառում Վարդանյանի գործում։ Մինչդեռ վերջինս անգամ Արցախի պետնախարար պիտի դառնա միայն երկու ամիս անց՝ նոյեմբերի 4-ին։

·       Հետաքրքիր մեկ այլ դրվագ։ Մեկ վկա ասում է. անձրևից մեքենան սահել է ականապատ գոտի։ Մեկ ուրիշը՝ մթության մեջ սայթաքել է զինամթերքի արկղը կրելիս և ձեռքը վնասել է։ Ոչ մեկը կապ չունի Վարդանյանի հետ, բայց երկուսն էլ գրանցված են որպես «տուժող» նրա գործում։ Եղանակային պայմաններով պայմանավորված պատահարն ու գիշերային մշուշով պայմանավորված սայթաքումը դառնում են գործի ապացուցողական մաս։ Սա վկայում է ոչ թե ապացույցի ուժի, այլ գործի սահմանների անհեթեթ լայնության մասին։

·       Բարեգործությունը ներկայացվում է որպես ահաբեկչության ֆինանսավորում։ «Ավրորա» հումանիտար նախաձեռնությունը ներկայացվում է որպես ահաբեկչության ֆինանսավորման մշակված ճանապարհ։ Իր մինչդատական ցուցմունքում Վարդանյանն ինքն է նկարագրում, թե ինչպես է ֆինանսավորել Արցախում դպրոցների վերականգնումն ու հարյուրավոր ընտանիքների հարսանիքները։ Դատավճիռը հենց այս խոսքերն է մեջբերում որպես ապացույց, թե որքան «խորապես» նա միացած եղել Ադրբեջանի ընկալմամբ «հանցավոր միավորմանը»։

Սրանք միայն մի փոքր մասն են դատավճռում տեղ գտած աբսուրդային, անտրամաբանական, հակաիրավական ու հակամասնագիտական եզրահանգումների, որոնք, կարծես թե, տեղ են գտել այդտեղ, որովհետև միջազգային հանրության և Հայաստանի իրավաքաղաքական ճնշումների իսպառ բացակայության պայմաններում Ադրբեջանը շատ ազատ է իրեն զգում։ 

 -Դատելով այս ամենից,  ստացվում է, որ բոլոր հիմքերը կան, որ ՄԻԵԴ-ը դրական որոշում կայացնի:

-Այդ տեսանկյունից ՄԻԵԴ-ում միանշանակ պետք է ակնկալել ընդդեմ Ադրբեջանի որոշում, որովհետև ՄԻԵԴ-ի նախադեպային պրակտիկան ցույց է տալիս, որ նման  խախտումների անգամ մեկ տոկոսի առկայության պայմաններում դատարանը Կոնվենցիայի խախտում է արձանագրել։

Ուստի այդ ուղղությամբ աշխատանքը պետք է հետևողականորեն տանել և չվարանել այն հանգամանքից, որ Ադրբեջանը նախկինում Արցախի մասով ՄԻԵԴ-ի ոչ մի որոշում, այդ թվում՝ միջանկյալ, հրատապ միջոցի որոշում,  չի կատարել։ Մենք պետք է մեզնից կախված ամեն ինչ անենք, որպեսզի առկա միջազգային իրավական գործիքակազմն ամբողջությամբ օգտագործվի, ճնշման բոլոր հնարավոր գործիքները գործի դրվեն, որպեսզի ինչ-որ մի փուլում (իսկ դա անպայման լինելու է) կոտրենք Ադրբեջանի դիմադրողականությունը և վերջ դնենք հայ գերիների կտտանքներին, նրանց հետ բերենք Բաքվի բանտարկությունից։ 

-Պարոն Սիմոնյան, տիկին Սահակյանը իր վերջին ասուլիսում բազմաթիվ աղաղակող խախտումներ էր նշել՝ սկսած հայ գերիների պահման պայմաններից մինչև դատավարական խախտումներ, սակայն Ադրբեջանի օմբուդսմենը, չգիտես ինչու, որոշել էր արձագանքել միայն կրոնական գործոնի հետ կապված դրվագին` հերքելով, թե իբր նրանց քրիստոնյա լինելու հանգամանքը առնչություն չունի և հայտարարելով, որ «որևէ ապացույց» չկա այդ մասին: Ձեր կարծիքով, ո՞րն է պատճառը, որ մյուս փաստերը թողած, ցավագին են տարել հենց այս փաստը:

-Դե նախորդ խոսքիս շարունակությունն է, որ իրականում մեր կողմից իրավական արձանագրումները և հատկապես՝ միջազգային իրավական գործիքակազմով դրանց վերհանումը նյարդայնացնում է Ադրբեջանին, և նրանք գիտակցում են, որ ի վերջո ամբողջ աշխարհի առջև բացվելու է Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի, մարդու իրավունքների կոպտագույն խախտումները, իսկ աշխարհն այլևս չի կարողանալու աչք փակել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հանցագործությունների առջև։

Այդ տրամաբանության ներքո պիտի արձանագրենք, որ հայ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքում կրոնական թեման արձանագրված է նաև միջազգային (հատկապես՝ ՄԱԿ-ի ու Եվրոպայի խորհրդի) փաստաթղթերում ու զեկույցներում: Եվ ոչ միայն միջազգային, այլև՝ ազգային․ օրինակ՝ Միջազգային կրոնական ազատության ԱՄՆ հանձնաժողովի (USCIRF)  վերջին՝ 2026թ-ի զեկույցում, որտեղ ուղղակիորեն նշված է, որ Ադրբեջանը պետք է դասակարգվի որպես «հատուկ մտահոգության» երկիր՝ կրոնական ազատության համակարգված, կոպիտ և լուրջ խախտումների պատճառով»: Զեկույցի հեղինակները նշում են, որ կրոնական ազատության աջակցության պաշտոնական հայտարարություններին հակառակ, երկրի իշխանությունները գործնականում գործում են հակառակ ձևով. նրանք խոշտանգում են իրականցնում, խստորեն վերահսկում կրոնական գործունեությունը, վտարում անկախ լրատվամիջոցների և Կարմիր խաչի ներկայացուցիչներին և ոչնչացնում կրոնական ժառանգության վայրերը:

Զեկույցում մի ամբողջ հատված կա հայ գերիների մասին։ Նշվում է, որ  Ադրբեջանում հայ բանտարկյալներին, ըստ նրանց ընտանիքների,  արգելվում է կրոնական նյութեր, մասնավորապես՝ Աստվածաշունչ ստանալ: Ահա մի հատված. «Լեռնային Ղարաբաղից մոտ երկու տասնյակ հայ քրիստոնյա բանտարկյալները, որոնք դատվել են փակ դռների հետևում՝ առանց բավարար իրավաբանական օգնության, ենթարկվել են ծեծի, հոգեբանական բռնության, բժշկական օգնության և պատշաճ սննդի մատչելիության բացակայության, զրկվել են Աստվածաշնչից, խաչի դաջվածքներն են այրելու միջոցով ջնջվել։ Ոստիկանությունը պատասխանատվության չի ենթարկվում այս գործողությունների համար»:

- Հայ գերիների մասով  ստեղծվել է բավականին, եթե  ոչ տարօրինակ, ապա «հետաքրքիր» իրավիճակ. Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում բարձրաձայնել թեման՝ միաժամանակ նշելով, որ  հարցը իրենց համար առաջնային է և գտնվում է իրենց ամենօրյա ուշադրության կենտրոնում, իսկ հրապարակայնությունը  կվնասի: Սակայն զարմանալիորեն Ռուբեն Վարդանյանի կնոջը՝ Վերոնիկա Զոնաբենդին արդեն գրեթե մեկ ամիս չեն կարողանում  գերիների հարցով պատասխանատու անձի կոնտակտ տրամադրել, չնայած նրան, որ հարցը իրենց համար «առաջնային է»:

- Եթե գերիների հարցը մեր կառավարության համար առաջնահերթություն է, ինչպես իրենք են հայտարարում,  ապա նրանք վաղուց պետք է ամենօրյա շփման մեջ լինեին գերիների ընտանիքների հետ, ոչ թե տիկին Զոնաբենդի  հրապարակային նամակներից հետո միայն որոշեին ընդունել նրան, և անգամ մեկ ամիս անց այդպես էլ չկողմնորոշվեին գերիների հարցով պատասխանատու անձի հարցում: Սա, իսկապես,  «առաջնահերթ» հարցի  նկատմամբ վերաբերմունքի շատ խոսուն օրինակ է:

Առհասարակ, մեր իշխանությունների մասով խոսելիս հակասական զգացողություններ կան, որովհետև մի կողմից չես ուզում հավատալ, որ սեփական երկրի իշխանությունները, սեփական վախերից կամ յուրահատուկ բարոյական կերպարից ելնելով, վարում են այն նույն քաղաքականությունը, ինչ վարում է Ադրբեջանը, և փորձում են իրենք իրենց և մեզ բոլորիս համոզել, որ դա հայանպաստ քաղաքականություն է, մյուս կողմից էլ չես կարողանում չտեսնել ակնառու փաստերը։

Այստեղ մի պահ կանգնում ես ու մտորում․ լավ՝ նրանք Սահմանադրությամբ կոչված են պաշտպանելու հայկական ազգային շահը, Հայաստանի Հանրապետությունը և հայ քաղաքացուն, մինչդեռ նրանց վարքագծից ոչ միայն չի երևում այդ ամենը, այլև տրամագծորեն հակառակ վարքագիծն է ցուցադրվում, երբ, օրինակ, Հանրապետության նախագահը շնորահակալություն է հայտնում և, կարծես թե, շողոքորթում է Հայաստանի Հանրապետության տարածքները բռնազավթած, Արցախի Հանարեպտությունը բռնազավթած, հերթական էթնիկ զտման միջոցով հայկական հայրենազրկումը կազմակերպած, ցեղասպանության հատկանիշներ ունեցող գործողություններ իրականացրած, պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործություններ կատարած և այս պահին ՀՀ քաղաքացիներին գերեվարած ու խոշտանգող Ադրբեջանի նախագահ Ալիևին։ Ապշելու բան է։ Ախր, սա դիվանագիտություն չէ։ Սա կարող է դառնալ մի ամբողջ ազգի արժանապատվության ոտնահարման ու բարոյական գահավիժման գործնական ուղեցույց, որով հետագայում այլ ազգեր ու պետություններ սովորեցնելու են իրենց սերունդներին, թե ինչպես չպետք է վարել արտաքին քաղաքականություն։  

- Յուրահատուկ տեղեկատվական  վարքագիծ է ցուցաբերում նաև Ադրբեջանը: Հայ գերիների մասով միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից հայտարարությունները (նույն Եվրախորհրդարանի բանաձևերի) նրանք համարում են «խաղաղ գործընթացը» խոչընդոտելու  փորձ: Որպես միջազգային հարցերում մասնագիտացած իրավաբան՝ ինչպե՞ս  եք գնահատում այդ վարքագիծը:

-Դա ակնկալելի է։ Ադրբեջանը ամեն ինչ անելու է, որպեսզի Հայաստանը հրաժարվի ազգային, պետական, ինչպես նաև սեփական քաղաքացիների շահերը պաշտպանելու միջազգային իրավական բոլոր հնարավոր գործիքակազմից։ Հրաժարվի միջազգային դատարաններում Ադրբեջանի իրավախախտումներն արձանագրող որոշումներ ստանալու հայցերից, միջազգային կազմակերպությունների կողմից ընդունվող Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները բարձրաձայնող բանաձևերն օգտագործելուց, էթնիկ զտումները, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման աղաղակող փաստերը վեր հանող ապացույցներից և այլն։ Այդ ամենը ներկայացվելու է որպես խոչընդոտ «խաղաղությանը»։

Նույնը Թուրքիան է շարունակում անել՝ մեղադրելով հայկական սփյուռքին և Ցեղասպանությունը ճանաչող պետություններին՝ որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտող գործոններ։    

Նպատակը պարզ է, պահել Հայաստանին թույլ վիճակում՝ սեփական շահերը պաշտպանելու առանց որևէ գործնական կարողության, որպեսզի կախվածությունը թուրք-ադրբեջանական տանդեմից շարունակաբար մեծանա մինչև այն աստիճանի, երբ հայկական պետականությունն ու ինքնիշխանությունն արդեն գործնականում որևէ բան չնշանակեն, և Հայաստանն արդեն՝ ինքը, չունենա որևէ կարողություն ու անգամ՝ ցանկություն, մնալու որպես Հայաստան։ 

Սակայն այստեղ պետք է հիշել, որ դանդաղ մահը խաղաղություն չէ, անդեմ, առանց ինքնության ու արժանապատվության կյանքը խաղաղություն չէ, քո երեխաներին, հարազատներին խոշտանգած ու սպանած թշնամուն շողոքորթելը «սրամիտ» խաղաղություն չէ, հանուն ընթացիկ կյանքի այսօրեական հաճույքների քո իսկ խոշտանգվող եղբայրներին մոռանալը խաղաղություն չէ․․․

Խաղաղությունն այն է, երբ զարգացնում ու բազմապատկում ես քո ներուժը, պաշտպանում ես քո հանրության յուրաքանչյուր անդամի իրավունքները, ազգային ու պետական շահը, և քո հակառակորդը ստիպված է լինում հաշտվել հանուն արժանապտվության պայքարի քո պատրաստակամության հետ ու ի վերջո ընդունում է խաղաղության քո պայմանները։