Սույն հոդվածը բնավ էլ ձվի շուկայում անառողջ զարգացումների քննադատությունը չէ, ինչով, ի դեպ, պետք է զբաղվի յուրաքանչյուր կարգին լրագրող։ Մենք՝ հայերս, ի տարբերություն ամերիկացիների կամ ֆրանսիացիների, իմունիտետ ունենք բոլոր տեսակի մենաշնորհների նկատմամբ, ու համոզված եղեք՝ մի կերպ յոլա կտանենք նաեւ ձվի ու հավի մսի շուկայում ի հայտ եկած նոր մենաշնորհին, ինչքան էլ նա փորձի ձվի կճեպը ոսկու տեղ ծախել, իսկ հավերին կմատուցի որպես գիշերային թիթեռնիկ։
Ընդհակառակը՝ կփորձենք որոշ խորհուրդներ տալ «X գրուպի» նախագահ Խաչատուր Խաչատրյանին, որպեսզի նա առանց գլխացավանքի մինչեւ վերջ հասցնի ձվի շուկան գրավելու իր հանճարեղ կոմբինացիան, որին պայմանականորեն կտանք «Ոսկե ձվիկ» կոդային անվանումը։ Փոխարենը հույս ունեմ, որ «X գրուպը» ինձ կուղարկի 1 արկղ ոսկեզոծված ձու կամ սիրամարգի փետուրներով զարդարված գիշերային հավիկ։ Սա այնքան էլ մեծ բան չէ, եթե հաշվի առնենք, որ «X գրուպը» իրավաբանական անձանց միություն է, որի կազմում են «Վալենսիա» հյուրանոցը, Ջրաշխարհը, «Աքվատեկ» համալիրը, «Տասից՝ տասը» ռեստորանը, «Արաքս» եւ «Երեւանի թռչնաֆաբրիկա» հավաբուծարանները, «Քլայք» կահույքի սրահը, «M&S» առեւտրի կենտրոնը, «Գեղամա» հանգստյան գոտին, «Հայդ թրավել» տուրիստական գործակալությունը, «Վիլաշին» շինարարական կազմակերպությունը։
Պետք է նշել, որ հակառակորդ կողմը՝ «Մաքս Գրուպ»-ը, որի կազմում է նաեւ Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկան, նույնպես Հայաստանի խոշոր բազմապրոֆիլ ընկերություններից է, երկրի տարբեր մարզերում ունի 15 հազար 200 հա հող: Նրա բաժնետերերն են Խաչիկ Մանուկյանը, Հարություն Փամբուկյանը եւ Մհեր Բագրատյանը (առջին երկուսը ԱԺ պատգամավորներ են): Դատելով Խաչիկ Մանուկյանի հայտարարություններից՝ նա զենքերը վայր է դրել եւ համաձայնել է վաճառել իր թռչնաֆաբրիկան։ Բայց արդյո՞ք հնարավոր է այդ գործարքն իրականացնել։ Այ հենց այստեղ է, որ ուզում ենք որոշ խորհուրդներ տալ մեր գործարարներին։
Եթե իրավական փաստաթղթերում գործարքի կողմ հանդես գա «X գրուպը», ապա տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը իրավասություն կստանա այն օրինականացնելու կամ թույլատրելու, քանի որ «X գրուպը» կդիտվի որպես «հավի ձու՝ կճեպով» ապրանքային շուկայում գործունեություն ծավալող։ Հիշեցնենք, որ ըստ օրենսդրության՝ նույն ապրանքային շուկայում գործող ընկերությունների միջեւ ցանկացած գործարք, որից գերիշխող դիրք գրավող է առաջանում, պետք է օրինականացվի Հանձնաժողովում։ Հիմքերը կան ենթադրելու, որ Հանձնաժողովը թույլ չի տա գործարքի կայացումը, այլապես նրա հեղինակության վարկանիշը, որ հիմա զրոյի մոտ է, կչափվի արդեն մինուսով։ Չէ, իհարկե, չենք բացառում, որ Հանձնաժողովում, ելնելով հավասիրական մղումներից, կթույլատրեն գերիշխող դիրքի առաջացումը, իսկ այնուհետեւ կսկսեն դրա դեմ հերոսական պայքար մղել։ Պարզապես շահագրգիռ կողմերին խորհուրդ ենք տալիս այդ գլխացավանքից հեռու մնալ։
Որպեսզի նշված ընթացակարգը չաշխատի, տարբեր ազգանուններով 2 խաչիկները պետք է գործարքն իրականացնեն երրորդ ընկերության անունից, որը իրավաբանորեն կապված չէ ոչ «X գրուպի», ոչ էլ Խաչատուր Խաչատրյանի հետ։ Ահա սա էլ մեր խորհրդի էությունն է։ Հուսով եմ՝ սրանով իմ փոքրիկ լուման ներդրեցի Հայաստանի ստվերային տնտեսության բարգավաճման փառահեղ գործին։




























