Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր` հուլիսի 22-ին Սեւանի ափին հանդիպել է «Միասին» շարժման երիտասարդներին եւ պատասխանել նրանց հարցերին: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, անդրադառնալով արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին, նա ասել է, որ Ալմաթիում հուլիսի 17-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից արված հայտարարությունում հղում է  կատարվում լ’Ակվիլայում անցյալ տարի եւ այս տարի Մուսկոկայում նախագահներ Մեդվեդեւի, Օբամայի եւ Սարկոզիի կողմից արված հայտարարություններին եւ դրանց մեջ պարունակվող դրույթներին, եւ ասվում է, որ հենց դրանց հիման վրա պետք է կարգավորվի հիմնախնդիրը, 2009 թ. դեկտեմբեր 1-ին ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպման ընթացքում արված հայտարարությանը, երեք սկզբունքներին, որոնց հիման վրա պետք է կարգավորվի հիմնախնդիրը:

Կարեւորը է, որ նշվում է, որ չի կարելի ընտրովի մոտենալ այս սկզբունքներին եւ դրույթներին, չի կարելի գերակայել դրանց մի մասը մյուսների հանդեպ, որոնք մշակվել են որպես ամբողջական եւ միասնական առաջարկ: 

«Եթե Ադրբեջանը վերոնշյալ սկզբունքներից կենտրոնանում է միայն մեկի` տարածքային ամբողջականության վրա, ապա իրականում խոսքը գնում է երեք սկզբունքների մասին: Եթե Ադրբեջանը Մուսկոկայի վեց դրույթներից նախընտրությունը տալիս է միայն մեկին, ապա  եռանախագահող երկրները շատ պարզ եւ բաց ձեւով ասացին, որ սա ապակառուցողական մոտեցում է եւ չի նպաստում հիմնախնդրի կարգավորմանը»,- ասել է Է. Նալբանդյանն ու հավելել. «Այս հայտարարության մեջ նաեւ նշվում է հունիսի 18-19-ի ադրբեջանցիների կողմից կազմակերպված սադրանքի մասին եւ նաեւ ադրբեջանական այլ գործողությունների, քայլերի ու  հրահրիչ  հայտարարությունների մասին: Կարեւորվում է հրադադարի ամրապնդման անհրաժեշտությունը:

Պարզ է ում են ուղղված այդ ուղերձները: Ռուսերեն մի լավ ասացվածք կա «и ежу понятно»: Տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանցիները միտումնավոր ականջների մեջ խցան են դրել եւ չեն ուզում լսել, ինչի մասին է միջնորդ երկրների միջոցով ասում միջազգային հանրությունը: Բոլորին մեղադրում են, ձեւացնում են, որ իրենք կառուցողական են:  Բայց եթե այդ կառուցողականությունը իրենցից բացի ոչ մեկ չի հասկանում, ուրեմն մեղավորին պետք է փնտրեն հենց իրենց մեջ:

Երբ խոսում են հրադադարի ամրապնդման մասին, ռազմատենչ հռետորաբանությունից խուսափելու մասին, պետք է հիշեցնել, որ Ադրբեջանն արդեն 15 տարուց ավելի խախտում է իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները հրադադարի պահպանպան եւ ամրապնդման վերաբերյալ` ոչ միայն 1994 թ. մայիսի 12-ին Ադրբեջանի, Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ հաստատված հրադադարի պայմանները, այլ նաեւ 1995 թվականի փետրվարի 4-ին հրադադարի ամրապնդման վերաբերյալ նույն եռակողմ ձեւաչափով համաձայնությունը, որով Ադրբեջանը պարտավորվել էր խախտումների մասին անմիջապես տեղյակ պահել հայկական կողմերին, միջնորդներին, եւ ոչ թե սեփական լրատվամիջոցներին` հակահայկական քարոզչությունը սաստկացնելու համար, ձեռնպահ մնալ հակամարտության սրմանը նպաստող հայտարարություններից: Բաքուն տասնյակ տարիներ խախտում է այդ պարտավորությունները»:

Նրա խոսքով «թե Հայաստանը, թե Ղարաբաղը միշտ էլ կողմնակից են եղել հրադադարի ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկմանը: Այդ մասին 2005 թ. մարտին պաշտպանության նախարարի հայտարարությամբ Հայաստանը նորից վերահաստատեց իր պատրաստակամությունը: Նույնը արվեց Ղարաբաղի կողմից: 

Ադրբեջանի կողմից այդ պարտավորությունների խախտմանը համարաժեք արձագանքի բացակայությունը միջազգային հանրության կողմից, հանգեցնում է նրան, որ Ադրբեջանը շարունակում է մերժել որեւէ առաջարկ այս ուղղությամբ, ինչպես դա արեց 2008 թ. Հելսինկիում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի ընթացքում համանախագահ երկրների արտգործնախարարների հնչեցված կոչին`քայլեր կատարելու զինադադարը ամրապնդելու համար, դուրս բերելու դիպուկահարներին շփման գծից:

Տեսնենք ադրբեջանցիները ինչպե՞ս կարձագանքեն Ալմաթիում արված կոչերին, ինչ քայլեր կձեռնարկեն, կփոխեն արդյոք իրենց ապակառուցողական գործելաոճը, որը չի տանում խնդրի կարգավորմանը»:

Հարցին, թե ի՞նչ «դեկտեմբերյան առաջարկությունների» մասին է շարունակում է պնդել Ադրբեջանը, ՀՀ ԱԳ նախարարը պատասխանել է. «Իրականությունն այն է, որ եռանախագահների 2007թ. նոյեմբերին կողմերին ներկայացրեցին Մադրիդյան փաստաթուղթը եւ այն, իբրեւ պաշտոնական առաջարկ, ի պահ հանձնվեց Վիեննայում ԵԱՀԿ քարտուղարությանը:

Դրանից հետո եղել են երկու տասնյակից ավելի աշխատանքային առաջարկներ` Մադրիդյան փաստաթղթի հիման վրա: Երբ Ադրբեջանը հայտարարեց, որ կարող է ընդունել 2009թ. դեկտեմբերյան աշխատանքային առաջարկը` բայց որոշ բացառություններով, պարզվեց, որ բացառություններն ավելի շատ են, քան ընդունված մասը: Հետո, ինչ է նշանակում ընդունել բացառություններով: Դա փաստացի նշանակում է չընդունել:

2010թ. Հունվարին Սոչիում ՌԴ Նախագահի նախաձեռնությամբ եւ ներկայությամբ կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց հանձնարարել ԱԳ նախարարներին`շարունակել բանակցությունները ՌԴ ԱԳ նախարարի միջնորդությամբ: Նախարար Լավրովի միջնորդությունը վայելում էր եւ վայելում է ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի լիակատար աջակցությունը, ինչի վկայությունն է Ալմաթիի հայտարարությունը: 2010 թ. փետրվար-հունիս ամիսներին կայացել են բազմաթիվ շփումներ արտգործնախարարների մակարդակով, քննարկվել են մի շարք աշխատանքային առաջարկներ` մադրիդյան փաստաթղթի հիման վրա: Այս բանակցությունների արդյունքում մշակվել են մադրիդյան փաստաթղթի վերջնական տարբերակը, որը ներկայացվել է հունիսի 17-ին Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպման ժամանակ, եւ համաձայնություն ձեռք բերվեց շարունակել բանակցությունները հենց այդ տարբերակի հիման վրա:

Այսօր ադրբեջանցիները մի կողմից ասում են, որ շնորհակալ են, գնահատում են Ռուսաստանի ջանքերը, բայց մյուս կողմից հարցականի տակ են դնում սանկտպետերբուրգյան հանդիպման կարեւորությունը: Հիշեցնեմ, որ վերջին շրջանում վեց հանդիպում է կայացել Ռուսաստանի բարձր  նախաձեռնությամբ: 

Հարց է առաջանում ինչու էին մասնակցում այդ հանդիպումներին, եթե դրանք իրենց համար կարեւորություն չունեն»: