Ղրղըզստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո աշխատանքային միգրանտները կսկսեն տուն վերադառնալ եւ հայրենիքում աշխատել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Ղրղըզստանի խորհրդարանի պատգամավոր Ակունալի Դոսալիեւը:
Պատգամավորի խոսքով, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունն ապահովելու համար Ռուսաստանի կողմից Ղրղըզստանին փոխանցված 1.2 մլրդ դոլարի շրջանակում հանրապետությունում վարկային գծեր կբացվեն բիզնեսի զարգացման համար: Վարկեր կկարողանան ստանալ գյուղատնտեսներն ու փոքր գործարաններն ու արտադրամասերը:
«Նախկինում մենք բազմաթիվ ապրանքներ էինք ներմուծում Չինաստանից, իսկ հիմա փոքրիկ արտադրամասեր կբացենք, ինքներս կաճեցնենք: Ռուսաստանցիները հետաքրքրված են մեր միրգ-բանջարեղենով, որոնցով մենք միշտ հայտնի ենք եղել: Հայտնի է, որ Ղրղըզստանն արեւի եւ մաքուր ջրի երկիր է: Գյուղատնտեսության համար դա ամեն ինչ է: Այնպես որ՝ մեր բազմաթիվ աշխատանքային միգրանտներ տուն կվերադառնան եւ կշարունակեն իրենց հողում ապրել եւ աշխատել»,- հայտարարեց Դոսալիեւը:





























