Մնալ -չմնալը այս կամ այն կուսակցությունում, ինչպես մնալ, ինչ անելը, բացարձակապես կախված է մեկ բանից՝ քաղաքական կուրսից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Նա նշեց, որ երբ այդ մասին հայտարարություն կլինի, բոլորը կտեղեկանան: «Բացարաձակպես կարեւոր չէ այն կարգավիճակը, գործունեության ձեւաչափը, որի մեջ է այս կամ այն գործիչը կամ կազմակերպոթյունը: Ըստ իս՝ առավելապես էական է, թե ինչ համոզմունքի ուղիով է գնում այս կամ այն գործիչը կամ կազմակերպությունը, իմ դեպքում համոզմունքը մեկն է՝ երկրում առկա են լրջագույն պրոբլեմներ, փետրվարյան իրադարձություններից հետո որեւէ բան այդ պրոբլեմներում չի փոխվել, հետեւաբար՝ չի կարող չլինել լուրջ զայրութ, լուրջ բողոք, լուրջ պահանաջատիրություն եւ հանրության մեջ, եւ հանրության ձայնը ներկայացնող կուսակցությունների մոտ: Ես չեմ պատրաստվում շեղվել հանրության ձայնը ներկայացնելու ուղղուց եւ ձեւաչափից»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է իր կողմից նախաձեռնված «Քաղաքացիական շտաբի» ստեղծմանը, Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ դրա հետ կապված տեղեկատվություն կտա գործողություններին զուգընթաց, «տեղի կունենա համագումարը, կտեսնեք՝ ինչ կազմակերպություն է, ինչ ձեւաչափով է այն հիմնադրվում, ովքեր են, ինչ թվով եւ որակի մարդիկ են հավաքված»:
Նշենք, որ Տիգրան ՈՒրիխանյանը չէր մասնակցել ԲՀԿ խմբակցության մի քանի նիստի, ինչից հետո ասել էր, թե ԱԺ-ում հայտարարություն կանի: Նա երեկ ԱԺ-ում անդրադարձել էր «Վերելակից մինչեւ երկրի կառավարողներ», փետրվարյան իրադարձությունից հետո ստեղծված քաղաքական իրավիճակին, վերելակների խնդրին, օրեր առաջ Երեւանում հերթական ողբերգական դեպքն էր գրանցվել, վերելակի պոկվելու հետեւանքով 35-ամյա կին էր մահացել: «Ես անդրադարձա քաղաքական խնդրին, երկրում քաղաքական պատասխանատվությանը, ամենաթողության մթնոլորտ թույլ չտալուն, պահանաջատիրությանը»,-անդրադառնալով իր ելույթին՝ մեզ հետ զրույցում ասաց Տիգրան Ուրիխանյանը:





























