Հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի՝ մարտի 19-ին ձեռնարկած հարձակման հետեւանքով գլխի շրջանում վիրավորում ստացած Սամվել Հակոբյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: Այս մասին NEWS.am-ին ասաց Հայաստանի կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
«Սամվելն անգիտակից է, վիճակի մեջ փոփոխություն չկա: Իսկ Գոռ Դարմանյանի գիտակցությունը տեղն է, արհեստական շնչառության ապարատ է նրան միացված»,- ասաց Արամ Ասատուրյանը:
Վիրավորված զինծառայողները գտնվում են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում: Նշենք, որ Գոռ Դարմանյանի մոտ առկա է ոտքի ամպուտացիա:
Հիշեցնենք, որ մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմանում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետեւ հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում: Հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) եւ Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի եւս 4 զինծառայողներ վիրավորվել են:





























