Germanwings ավիաընկերությանը պատկանող Airbus А-320 օդանավի աղետից անմիջապես առաջ օդաչուներից մեկը լքել է խցիկը եւ չի կարողացել վերադառնալ: Այս մասին, ըստ The New York Times-ի, հայտնել է քննությանը մոտ կանգնած աղբյուրը: Նա նշել է, որ դրա մասին են վկայում օդանավի ինքնագրի տվյալները:
Նրա խոսքով՝ ձայնագրության մեջ լսվում է, որ դրսից ինչ-որ մեկը ծեծում է օդաչուների խցիկի դուռը, բայց ներսից արձագանք չի ստանում: «Հետո նա ծեծում է ավելի ուժեղ ու կրկին պատասխան չկա: Լսվում է, թե ինչպես է ուժեղ հարվածներ հասցնում դռանը»,-ասել է աղբյուրը: Դեռեւս անհայտ է, թե ինչ պատճառով է օդաչուն դուրս եկել խցիկից: «Բայց մենք գիտենք հաստատ, որ մյուս օդաչուն մնացել է ներսում միայնակ եւ չի բացել դուռը»,-հավելել է նա, հաղորդում է Lenta-ն:
Ավելի վաղ Ֆինլանդիայի տրանսպորտային անվտանգության գործակալության փորձագետ Պեկա Հենտուն ենթադրել էր, որ օդաչուներն, ամենայն հավանականությամբ, օդանավի վայր ընկնելու ժամանակ անգիտակից վիճակում են եղել:





























