Իրենց աշխատավարձային պարքերը պահանջող՝ «Նաիրիտ» գործարանի հարյուրավոր նախկին եւ ներկա աշխատակիցներ այսօր՝ մարտի 26-ին, վաղ առավոտից հավաքվել են Կառավարության շենքի մոտ և պարտքերի մարման հստակ ժամանկացույց են պահանջում:

Նաիրիտցիներն իրենց հետ են բերել «ՀՀ քաղաքացին պաշտպանված չէ», «Աշխատավարձերի պարտքերի մարում» եւ այլ գրությամբ պաստառներ եւ վանկարկում են «վարչապետ,  վարչապետ», «վարչապետ, ցած իջիր», «պարտքի մարում»:

Թեեւ նաիրիտցիները «վարչապետ» են վանկարկում, սակայն դեմ չեն, որ իրենց վարչապետի փոխարեն մեկ այլ պաշտոնյա ընդունի եւ պարտքերի մարման հստակ ժամանակացույց ներկայացնի։

«Մեզ կընդունի աշխատակազմի ղեկավարը, թե վարչապետը, կարևոր չէ, կարևորն այն է, որ մեր պարտքերը վերադարձնելու կոնկրետ ժամանակացույց ներկայացնեն: Մեզ չեն ասում, թե չեն տա մեր պարտքերը, ասում են՝ կտան, բայց հայտնի չէ, թե երբ: Մենք կոնկրետություն ենք պահանջում»,- NEWS.am-ին ասաց գործարանի նախկին մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը:

Անուշ Հարությունյանի խոսքով՝ իրենք կտրուկ քայլերի, հացադուլի կամ նստացույցի չեն դիմում, քանի որ իրենց չեն ասում, թե  պարտքերը չեն վճարելու:

«Երբ որ մեզ ասեն, որ պարտքերը չեն վճարելու, այդ ժամանակ էլ կտրուկ գործողությունների կդիմենք»,- ասաց Անուշ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների՝ 18-24  ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են Կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում: