Արարատի մարզկենտրոն Արտաշատ քաղաքի լիճը իսկական պատուհաս է դարձել հարակից շենքերի բնակիչների համար: Արարատի մարզպետարանի եւ Արտաշատի քաղաքապետարանի շենքերից շուրջ 500 մետր հեռավորության վրա տեղակայված  լճի մեծ հատվածը ճահճացել է: 1971 թվականին կառուցված լիճը, որը Արտաշատի երբեմնի այցեքարտն էր, այժմ վերածվել է գարշահոտ տարածքի՝ հարուցելով արտաշատցիների զայրույթն ու զզվանքը:

NEWS.am-ը եղել է Արտաշատում եւ լսել բնակիչների բողոքները: Լճին հարակից շենքերում ապրող արտաշատցիները պատմում են, որ լճի աղտոտվածության հետեւանքով ամռան տապին խուսափում են պատուհանները բացել՝ գերադասելով շոգից շնչահեղձ լինել, քան թե շնչել տիղմի հոտն ու լսել դոդոշների կռկռոցը: Այն բանից հետո, երբ լիճն սկսել է ճահճանալ, տեղի բնակիչների պատմելով՝ քաղաքում սկսել են «գիգանտ» մոծակներ հայտնվել, որոնք, հատկապես երեկոյան ժամերին, գրոհում են ամառային հանգիստը դրսում անցկացնող բնակիչների վրա՝ դրանից բխող հետեւանքներով: Նշենք նաեւ, որ լիճը նաեւ որոշ բնակիչների համար ծառայում  է որպես աղբանոց. նրանք օգտվելով առիթից, որ լիճը չի մաքրվում, աղբը թափում են լճի շրջակայքում, երբեմն էլ անմիջապես լճի մեջ՝ նպաստելով, որպեսզի տարբեր հատվածներում աղբանոցներ գոյանան: Նկատենք, որ լիճը գտնվում է քաղաքի կենտրոնական փողոցի հարեւանությամբ: Մի քանի քայլ հեռավորության վրա են տեղակայված քաղաքային հիվանդանոցն ու պոլիկլինիկան: Արտաշատցիները նշում են, որ շուրջ 15 տարի է՝ ինչ առկա է լճի խնդիրը եւ քաղաքային իշխանություններն ամեն տարի խոստանում են խնդրին լուծում տալ, սակայն ապարդյուն:

Արտաշատի քաղաքապետարանի բնակարանային կոմունալ տնտեսության, առեւտրի եւ տրանսպորտի բաժնի պետ Ալիկ Իսրայելյանը, ով ի դեպ, ապրում է լճի հարեւանությամբ, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ լիճն ունի երկու հերթ, որոնցից մեկը՝ 700 ք/մ, մոտ երկու տարի առաջ սոցներդրումների հիմնադրամի միջոցով փակվել է: «Հող ենք լցրել, կողքով փոքրիկ ջրատար ենք անցկացրել, որպեսզի լճի ջուրը դուրս գա՝ ոռոգման նպատակներով օգտագործվելու համար»,-նշեց Իսրայելյանը՝ հավելելով. «Կարծում էինք, որ հարցի լուծման ճանապարհը դա է, սակայն պարզվեց՝ ոչ: Լճի ոչնչացման հիմնական պատճառն այն է, որ այն սնվում է ստորերկրյա ջրերով, իսկ այդ ջրերը մոտ 80 տոկոսով պակասել են: Եւ բնական է, որ լճի հայելին չի կարողանում արեւի տակ գոյատեւել եւ մամռակալում է»: Իսրայելյանը նշեց նաեւ, որ մինչեւ լճի երկրոդ  հերթի կառուցումը՝ 1980-ականներ կեսերը, լիճը նորմալ գործել է եւ խնդիրներ չեն առաջացել: «Սակայն լճի երկրորդ հերթի կառուցումից հետո նիշերի տարբերություն առաջացավ: Այսինքն, երեւի լճի ջուրը նորմալ հոսքով չէր կարողանում դուրս գալ եւ հոսել դեպի դրենաժներ՝ ոռոգման նպատակներով, ինչն էլ բերեց լճի աղտոտվածության: Իսկ 88-ի երկրաշարժից հետո խիստ պակասեց լճի ջրի հոսքը եւ այն ներկայումս գրեթե դադարել է»:

Պատասխանատուն նշեց նաեւ, որ այս տարի մի քանի անգամ փորձել են լիճը մաքրել, սակայն խիստ շոգ եղանակի պատճառով ընդամենը մի քանի օր անց լիճը կրկին մամռակալում ու գորշահոտություն է տարածում: Իսրայելյանի խոսքով՝ քաղաքապետարանը մտադիր է լճի երկրորդ հերթն էլ փակել, քանի որ այն եւս ջրով սնվելու հնարավորություն չունի: «Մենք ստիպված ենք լինելու լճի հայելին փոքրացնել եւ այն դարձնել մեկ կամ երկու մետրանոց ջրատար: Դա է հարցի միակ լուծումը, որը անշուշտ, կազդի նաեւ քաղաքի էկոլոգիայի վրա»: Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ դա լուրջ ներդրումներ է պահանջում, նախնական տվյալներով՝ մոտ 150 միլիոն դրամի, որը համայնքային բյուջեի ծախսերի 80 տոկոսն է կազմում:

Հարցին, թե արտաշատցիները որքա՞ն ժամանակ հետո կարող են ակնկալել  լուծված տեսնել լճի խնդիրը, քաղաքապետարանի ներկայացուցիչն ասաց. «Մենք ամեն ինչ անում ենք այդ ուղղությամբ: Ես ու պարոն քաղաքապետը դուռ չկա, որ ծեծած չլինենք: Եթե դռնից ներս չեն թողնում՝ պատուհանից ենք մտնում: Դիմել ենք նաեւ բարեգործական կազմակերպություններին: Եւ եթե այս տարվա վերջում չկարողանանք այդ ծրագիրն իրականացնել, ապա եկող տարի անպայման իրագործելու ենք»:

Իսրայելյանը նշեց, որ լճի տարածքը փորձել են վարձակալության տալ մասնավոր  կազմակերպությունների, որպեսզի մաքրեն լիճն ու դրա շրջակայքում զվարճանքի օբյեկտներ հիմնեն, սակայն ոչ մեկի մոտ տարածքը հետաքրքրություն չի առաջացրել:

Լճի խնդիրն, ի դեպ, ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Արարատի մարզի տարածքային կենտրոնի ուշադրության ներքո է: Կենտրոնը պարբերաբար մոնիտորինգ է իրականացնում եւ լճի վիճակի վերաբերյալ մտահոգիչ եզրակացություններ ուղարկում Արտաշատի քաղաքապետարան: Կենտրոնի մասնագետները չեն ժխտում, որ մոծակները վերջին տարիներին շատացել են, սակայն «գիգանտ» մոծակների մասին առաջին անգամ էին լսում: Լսելուց հետո էլ կեսկատակ արձագանքեցին. «Էդ ո՞ւմ արյունն են ծծել, որ «գիգանտ» են դարձել»:
 
Պատրաստեց՝ Հեղինե Մանուկյանը