Թուրքիայում ապրիլի 24-ի ցույցի պատճառով հայազգի լուսանկարիչ Անտուան Ագուջյանն իր եղեռնի զոհերի 100-ամյա տարելիցին նվիրված ցուցահանդեսը Տիգրանակերտում (ներկայիս` Դիարբեքիր) կներկայացնի ապրիլի 22-ին: Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ֆրանսիական Le Monde-թերթի հայազգի լուսանկարիչ Անտուան Ագուջյանը՝ նշելով, որ իրենք չեն ուզում խանգարել ցույցը:

Հեղինակի խոսքով՝ ցուցահանդեսում ներկայացված են լինելու հայերի ցեղասպանության մասին նկարներ՝ սև ու սպիտակ և գունավոր:

Ցուցահանդեսը լինելու է ոչ միայն քաղաքական և պատմական, այլև էսթետիկ. «Ես, որպես ֆրանսահայ, ցեղասպանությունը վերապրածների երրորդ սերունդի ներկայացուցիչ, հիմնվելով հայկական հիշողության վրա ներկայացրի հայերի պատմությունը նկարների միջոցով: Կառուցեցի արտիստիկ աշխատանք»:

Ցուցահասրահի հատուկ մասում նաև ներկայացվելու է  « Լռության ճիչը» գրքի  համանուն ֆիլմը, որի ռեժիսորն ինքը ցուցահանդեսի հեղինակն է: Կես ժամ տևողությամբ ֆիլմի տարբեր մասերը  ներկայացնող կադրերում հնչում է հայկական, ժամանակակից և դասական երաժշտություն:

«Ֆիլմում ներկայացվում է այն նկարների պատմությունները, որոնք զետեղված են ցուցհանդեսում: Ֆիլմի մյուս կադրերում խոսում են հայոց ցեղասպանությունը վերապրածները»,- ասաց Անտուան Ագուջյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում այս տարվա ապրիլի 24-ին առաջին անգամ նշվելու է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողություն: