Լոնդոնի դատարանում ապրիլի 20-ին դատալսում է կայանալու 28-ամյա Նեյլ Մուրի գործով: Գրեթե 2 մլն ֆունտ սթեռլենգի չափով բանկային մեքենայություններից բացի, Մուրին մեղադրում են բանտից փախուստի դիմելու մեջ: Երիտասարդին հաջողվել է դուրս պրծնել Վանդսվորտ բանտից՝ հիմնարկի ղեկավարությանն իր ազատ արձակման մասին կեղծ էլեկտրոնային նամակ ուղարկելով:

Ըստ BBC-ի, Նեյլ Մուրը բջջային հեռախոս է ձեռք բերել, դրա օգնությամբ էլեկտրոնային փոստ բացել, որի հասցեն նման է եղել դատական դեպարտամենտի պաշտոնյայի իրական հասցեին: Այնուհետեւ նամակ է ուղարկել բանտի վարչակազմին՝ նշելով, որ Լոնդոնի քաղաքային դատարաններից մեկը փոխել է Նեյլ Մուրի խափանման միջոցը, եւ նրան հարկավոր է բաց թողնել:

Այդպիսով, ըստ RG-ի, Նեյլ Մուրը շուտով ազատության մեջ է հայտնվել: Փախուստը հայտնաբերել են երեք օր անց, երբ փաստաբանը եկել է նրա հետ հանդիպման: Իսկ մարտի 28-ին Մուրն անձամբ ոստիկանություն է ներկայացել: Նա նշել է, որ փախուստը մեծ սխալ էր: