Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում մարտի 2-ին ուղղաթիռ է կործանվել, որի հետեւանքով զոհվել է 5 մարդ: Այս մասին հայտնել են քաղաքի հրշեջ փրկարար ծառայությունից:

Ուղղաթիռը կորցրել է կառավարումը եւ ընկել Կարապիկուիբա բնակելի թաղամասի վրա: Ուղղաթիռը թեւով դիպել է վերանորոգման փուլում գտնվող մի շենքի, որտեղ, բարեբախտաբար մարդիկ չեն եղել: Ուղղաթիռի ընկնելու պատճառները դեռ պարզ չեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Seripatri շահագործող ավիաընկերությունում հայտարարել են, որ ֆրանսիական արտադրության EC-155 ուղղաթիռը հերթական տեխնիկական սպասարկումից հետո թեստային թռիչք էր իրականացնում: Ավիաընկերության տվյալներով՝ ուղղաթիռում եղել է երկու օդաչու եւ երեք ավիատեխնիկ: Նրանք բոլորը զոհվել են:

Զոհերի թվում է Սան Պաուլուի նահանգապետ Ժերալդու Ալկմինի 31-ամյա որդին՝ Թոմաս Ալկմինը: