Այսօր արդեն Հայաստանում շուրջ 120 ներառական դպրոց է գործում: Այս մասին ապրիլի 3-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Ըստ նրա, Հայաստանում ներառականության սկզբունքը կրթության ոլորտում ներդրվել է բազմաթիվ տարիների ընթացքում: «Հայաստանի Ազգային ժողովը նոր օրենք է ընդունել, որն իր բովանդակությամբ հեղափոխական եւ աննախադեպ է նույնիսկ Արեւելյան Եվրոպայի շատ երկրների համար: Այդ օրենքով ցանկանում ենք ունիվերսալ ներառական սկզբունք ներդնել»,- նշեց Արմեն Աշոտյանը:

Նախարարի խոսքով, դա նշանակում է, որ Հայաստանում աստիճանաբար պետք է նվազեն, այսպես կոչված, հատուկ դպրոցները: «Ցավոք, դրանցից ամբողջությամբ հրաժարվելն անհնար է, եւ մենք ստիպված կլինենք 1-2 նման հատուկ դպրոցներ պահպանել»,- նշեց Աշոտյանը:

Նա նաեւ հավելեց, որ անցյալ տարի Հայաստանի ներառական կրթության նախագիծն արժանացել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի լավագույն մրցանակներից մեկին: