Հունաստանը համաձայնվել է ապրիլի 9-ին Արժույթի միջազգային հիմնադրամին վճարել հերթական տրանշը։ Այս մասին հայտնել է ԱՄՀ տնօրեն Քրիստիան Լագարդը Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսի հետ Վաշինգտոնում ունեցած հանդիպման ավարտին։ «Մենք  նշել ենք, որ շարունակվող անորոշ վիճակը Հունաստանի շահերից չի բխում։ Ես ողջունում եմ հիմնադրամին ապրիլի 9-ին կատարվելիք վճարումը հաստատելու որոշումը»,- հայտարարել է Լագարդը, փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։

ԱՄՀ ղեկավարը նաեւ հայտնել է, որ հիմնադրամը նախկինի պես մտադիր է աշխատել Հունաստանի իշխանությունների հետ, որպեսզի օգնի երկրին վերադարձնել տնտեսական աճը։

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին Հունաստանի ներքին գործերի նախարար Նիկոս Վուտցիսը հայտարարել էր, որ իր երկիրը բաց կթողնի ապրիլի 9-ին ԱՄՀ պարտքի վճարումը, եթե արտասահմանից լրացուցիչ գումար չստանա։