Հայաստանին ոչ ոք հազար խորանարդ մետրի դիմաց գործող 189 դոլար սակագնից էժան գնով գազ չի առաջարկել։ Այս մասին ապրիլի 7-ին խորհրդարանում հայտարարել է իշխող ՀՀԿ կուսակցության պատգամավոր, գազի գնագոյացման հարցով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ մեկնաբանելով հանձնաժողովի տարեկան զեկույցը։
«Այս դեպքում պետք է մի կողմ թողնենք քաղաքականությունը։ Ռուսաստանից էժան ոչ ոք մեզ գազ չի առաջարկել։ Իրանը նույնպես։ Եթե Իրանը վաղը հայտարարի, որ կարող է մեզ բոլորովին այլ պայմաններով գազ առաջարկել, դա արդեն կարելի կլինի քննարկել»,- հայտարարել է Այվազյանը։
Նշենք, որ այս պահին Հայաստանը Իրանից գազ է ստանում ապրանքափոխանակման կարգով՝ բարտերով (1 խ/մ գազ 2 կՎտ/ժհոսանքի դիմաց)։ Այդ սկզբունքով է աշխատում Երեւանի ՋԷԿ-ը։





























