Աֆրիկա մայրցամաքը մեծ հնարավորություն է տալիս հայ գործարարներին` իրենց ապրանքն իրացնելու համար: Այս մասին, այսօր` ապրիլի 7-ին, լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը` հավելելով, որ Հայաստանն էլ կարող է աֆրիկացի գործարարների համար հարթակ դառնալ եվրասիական շուկա մտնելու համար:
«Մեկ ժամ առաջ գործարար համաժողով էր, որին ներկա էր Մարոկկոյի բիզնես համայնքը: Սա անկախ Հայաստանի պատմության մեջ Մարոկկոյի հետ առաջին գործարար համաժողովն էր, որը հայ գործարարների համար մեծ հնարավորությունների ճանապարհ է բացում»,-ասաց նախարարը։
Նախարար Կարեն Ճշմարիտյանի խոսքով` կառավարությունը ստեղծված բարդ իրավիճակում անում է հնարավորը՝ արտահանողներին աջակցելու համար։ Այդ քայլերից է, մասնավորապես, դրսի շուկաների ուսումնասիրությունը՝ առավել ազատական ռեժիմներ գտնելու նպատակով, եւ հայ գործարարներին դեպի այդ շուկաներ ուղղորդելը։ Ըստ Ճշմարիտյանի, նման դիվերսիֆիկացիայի շնորհիվ է, որ Հայաստանի արտահանման ընդհանուր ծավալում էականորեն նվազել է ԵՄ եւ ԱՊՀ երկրներ արտահանման մասնաբաժինը, ավելացել՝ այլ երկրներ արտահանումը։
«Նախորդ տարիների հետ համեմատած, 2014թ. առևտուրը Հայաստանի սուբյեկտների կողմից այլ երկրների հետ ավելացել է եւ հասել 48 տոկոսի»,- ասաց Ճշմարիտյանը՝ նշելով, որ մինչեւ այդ այս ցուցանիշը 30-ից էլ քիչ էր։
Ըստ նախարարի՝ ՌԴ-ի եւ Եվրամիության երկրների հետ առևտուրը թեեւ վերջին շրջանում Հայաստանում նվազել է, սակայն դա համընդհանուր միտում է, ընդ որում Հայաստանում անկումն ավելի փոքր է եղել, քան այլ երկրներում։




























