Կարմիր Խաչի աշխատակցուհի Աֆամիա Մարախան՝ Շվեդիայում բնակվող ասորի, Svenska Dagbladet պարբերականին պատմել է Սայֆոյի (ասորիների ցեղասպանություն) մասին իր ընտանիքի հիշողությունները:
«Մայրս մեզ՝ երեխաներին, հաճախ էր պատմում Սայֆոյի մասին: Իսկ նրան այդ հիշողությունները փոխանցել է նրա հայրը՝ իմ պապիկը: Նրա մայրը՝ իմ նախատատը, ապրել է ասորական փոքրիկ ավանում: Նրանց հետ պատահել է այն, ինչ հիմա տեղի է ունենում Մերձավոր Արեւելքում:
Պապիկս 2 տարեկան է եղել: Նրա հայրը գյուղի հոգեւորականն է եղել, եւ նրան առաջիններից մեկն են սպանել: Սակայն նրա կնոջ կյանքը խնայել են, հավանաբար՝ գեղեցկության պատճառով: Նրան նախ բռնաբարել են, հետո ինչ-որ տարեց քուրդ ամուսնացել է նրա հետ: Իհարկե, նա ստիպված է եղել հավատափոխ լինել: Պապիս քրդական ազգանուն են տվել:
Երբ Սիրիան անցել է ֆրանսիացիների ձեռքը, հարազատները սկսել են փնտրել միմյանց: Նա 17 տարեկան է եղել, երբ վերադարձել է ասորական ինքնության:
Նախ աղոթել է մահմեդական սովորույթով, օրական հինգ անգամ, ինչի արդյունքում չափազանց զարմացրել է շրջապատին: Բայց որոշ ժամանակ անց հասկացել է, որ իրականում ինքը քրիստոնյա է:
Իմ պապիկն ու տատիկն ասորերեն չգիտեին, քրդերեն էին խոսում: Բայց արդեն մորս սերնդի նպատակն է եղել ամբողջությամբ վերադառնալ արմատներին, այդ թվում՝ վերադարձնել լեզուն:
Ես երբեք չեմ տեսել պապիկիս, իսկ տատիս տեսել եմ: Մենք 1990-ականներին եղել ենք նրա մոտ՝ Սիրիայում: Նա չէր ցանկանում հեռանալ այնտեղից: Սակայն մեզ հետ խոսել նա չէր կարողանում:
Ես չեմ դադարում մտածել նախատատիս մասին, որը փրկել է իր որդու կյանքը, սակայն ստիպված է եղել նրանից հեռու ապրել:
Եվ, ամեն դեպքում, միայն հրաշք կարող ես անվանել այն, որ վերապրած ամբողջ ողբերգությունից հետո ասորիներն իրենց երեխաներին այդքան սիրով եւ քնքշությամբ են մեծացրել: Պատմելով անցյալի մասին՝ նրանք փորձում էին ինչ-որ կերպ մեղմել իրենց ցավը: Նույն կերպ էին վարվում հրեաները Հոլոքոստից հետո:
Սակայն արդարության եւ փոխհատուցման միտքն ինձ հանգիստ չի տալիս: Չէ՞ որ հրեաներն այն ստացան: Գերմանիան այնքան բան արեց, որպեսզի քավի իր մեղքը: Մեզ հետ նույնը տեղի չունեցավ, իսկ հիմա Մերձավոր Արեւելքում մեր ժողովրդի հետ նույնն է կրկնվում»,- հայտարարել է նա:





























