Ավստրալիայի Նուսա քաղաքի բնակիչ ամուսինները գտել են մոտ 9 ամիս առաջ Բալիի ափերին կորցրած ոսկյա մատանին, հաղորդում է Mashable-ը: Զարդը հայտնաբերել է մեկ այլ ավստրալացի՝ Ռոքսի Ուոլշը, ով Բալիում ստորջրյա լողով էր զբաղվում:
Ապրիլի 7-ին վերջինս իր գտած մատանու մասին հայտարարություն է տեղադրել Facebook-ում: Հինգ օր անց մատանու տերերը կապ են հաստատել նրա հետ:
Ուոլշը պատմել է, որ ստորջրյա լողով զբաղվելիս ուժեղ ալիքի պատճառով բարձրացել է ջրում ցցված ժայռի վրա, որտեղ էլ հենց գտել է մատանին, հաղորդում է Lenta-ն:
Facebook-ի օգտատերն իր գտած մատանու մասին գրառումը տարածել է մոտ 2 հազար անգամ: Ընդ որում, Mashable-ը հստակեցնում է, որ ընդհանուր առմամբ հայտարարությունը սոցիալական ցանցում հրապարակվել է 100 հազար անգամ:
Մատանու սեփականատերերին հնարավոր է եղել գտնել մատանու ներսի կողմում Darling Joe Happy 70th Birthday 2009 Love Jenny («Սիրելի Ջո, երջանիկ 70-ամյակ, 2009, սիրով՝ Ջեննի») գրառման շնորհիվ:
Պարզվել է, որ մատանու տերերն ապրում են Ուոլշի տնից 3 ժամ հեռավորության վրա: Իմանալով այդ մասին, կինն անձամբ է ոսկյա զարդը հասցրել տերերին:
Լուսանկարը Facebook-ում հայտնաբերել է ամուսինների 19-ամյա թոռը:





























