«Կոսովոյի գործը» Միջազգային դատարանի քննությանը հանձնելու իրողությունը կարելի էր համարել «ձիուց առաջ կանգնեցված» սայլն իր տեղը վերադարձնելու  համար արված քայլ (իդեալական կլիներ, եթե Կոսովոյի անկախության իրավական հիմնավորումից հետո միայն տեղի ունենային այլ երկրների կողմից նրա ճանաչումները), եթե պարզ չլիներ, որ նաեւ այս առումով Կոսովոն չի կարող դառնալ նախադեպ այլ հակամարտությունների ու այլ տարածաշրջանների համար»,-կարդում ենք թերթի հուլիսի 29-ի համարում: «Քաղաքական իրողություններն այնպես են դասավորվել, որ Միջազգային դատարանի որոշումից հետո ինքը՝ Սերբիան, կարող է ճանաչել Կոսովոյի անկախությունը՝ դրանով իսկ միանգամից լուծելով մի շարք կարեւորագույն հարցեր նախեւառաջ իր համար, այդ թվում՝ Կոսովոն ճանաչած բազմաթիվ ազդեցիկ երկրների հետ հետագայում հարաբերվելու խնդիրը: Պատահական չէ Սերբիայի այն պաշտոնական հայտարարությունը, թե կընդունի Միջազգային դատարանի ցանկացած եզրակացություն:

Դժվար է միջազգային իրավունքի եւ միջազգային իրականության այդ հակասականության պատճառով միանշանկ գնահատել նաեւ անկախացման ճանաչման կամ չճանաչման ակտերը: Այն, որ Կոսովոն այս պահի դրությամբ ճանաչել են միջազգային իրավունքի սուբյեկտ 192 պետություններից 69-ը (մեկ երրորդից ավելին), իսկ Աբխազիան ու Հարավային Օսիան՝ միայն 2-ը, բացատրվում է միայն ու միայն այդ ակտերի քաղաքական նպատակահարմարությամբ ու անկախացող պետությունների «գլխավոր պատրոնների» հեղինակությամբ: Եւ այդ երկու բացատրություններն էլ նվազեցնում են ինչպես ճանաչման, այնպես էլ չճանաչման արժեքները: Սակայն մյուս կողմից ՝ հենց քաղաքական տեսանկյունից 2-ի եւ 69-ի միջեւ տարբերությունն էական չէ, քանի որ ճանաչման ակտերն անդառնալի են, ճանաչման ետկանչն անհեթեթություն է եւ հեղինակազրկում է նախեւառաջ «փոշմանածին»,-եզրակացնում է շաբաթաթերթը: