Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Արտակարգ իրավիճակների նախարարությանը թույլ է տվել օգտագործել Ուկրաինայի եւ Ադրբեջանի ավիատեխնիկան` Ռուսաստանում բռնկված անտառային հրդեհները մարելու համար: Մեդվեդեւի խոսքով, «մեր մի շարք արտասահմանցի գործընկերներ առաջարկել են իրենց օգնությունը»` անտառներում մոլեգնող հրդեհները մարելու համար», հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

ՌԴ նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ Արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Շոյգուն նշել է, որ նպատակահարմար է գտնում ընդունել Ուկրաինայի ու Ադրբեջանի առաջարկները: Ըստ այդմ, Ուկրաինան կտրամադրի ԱՆ-32 երկու ինքնաթիռներ, իսկ Ադրբեջանը` 2 ուղղաթիռներ, որոնք վերջինս 2 տարի առաջ գնել է Ռուսաստանից: «Այլ երկրներից նույնպես առաջարկներ կան, սակայն այս երկու առաջարկների վրա ես կանգ կառնեի»,- ասել է նախարարը: Այսպիսով, ըստ Շոյգուի, ներկայումս հրդեհները մարելու աշխատանքներում ներգրավված է 60 միավոր ավիատեխնիկա: