Էկվադորի Գալապագոս արշիպելագը գլխավորել է աշխարհի ամենահետաքրքիր եւ տեսարժան կղզիների վարկանիշը: Այս մասին գրում է The Daily Mail-ը՝ վկայակոչելով ուղեւորությունների մասին Travel + Leisure ամերիկյան ամսագրի ընթերցողների շրջանում անցկացրած քվեարկությունը:

Հարցման արդյունքներով, 2-րդ տեղում ինդոնեզական Բալի կղզին է, 3-րդ հորիզոնականում՝ Մալդիվյան հանրապետությունը: Նրանց հետեւում են ավստրալական Տասմանիա կղզին եւ հունական Սանտորինին:

Վարկանիշի 6-րդ հորիզոնականում Ֆրանսիական Պոլինեզիայի Մուրեյն է, 7-րդ եւ 8-րդ տեղերը զբաղեցրել են Հավայան Մաուի եւ Կաուաի կղզիները: 9-րդ տեղում Ավստրալիայի Մեծ Արգելախութն է, 10-րդում՝ Մալթայի հանրապետությունը:

Ըստ Lenta-ի, Գալապագոսյան կղզիները պատկանում են Էկվադորին: Արշիպելագը 25 հազար բնակչություն ունի: Այստեղ միջին տարեկան ջերմաստիճանը 23-24 աստիճան է՝ ըստ Ցելսիուսի: