Թերթը գրում է, որ Երեւանի կենտրոնական փողոցներից մեկում՝ Սայաթ-Նովայի վրա գտնվող «Պիրամիդա» օբյեկտը, ինչպես բնակիչներն են պնդում, պաշտպանության ներկա նախարար Սեյրան Օհանյանի ապրուստի միջոցներից մեկն է: «Այն կցակառույց է, որը սարքելու համար անհրաժեշտ է եղել բնակելի շենքի բնակիչների թույլտվությունը: Բայց քանի որ շոշափվել է Սեյրան Օհանյանի անունը, ոչ ոք չի համարձակվել ծպտուն հանել:
Միայն շենքի բնակիչներից մեկն է դժգոհել, ու նրա ձայնն էլ կտրել են «մարդասիրական» ժեստով՝ ամբողջությամբ վերանորոգել են բնակարանն ու տեղադրել ձայնամեկուսիչ պատուհաններ, երեւի օբյեկտից հնչող ոռնոցը խլացնելու եւ դժգոհի գիշերային հանգիստն ապահովելու նպատակով: Եւ ահա, Սայաթ-Նովա փողոցի վրա կառուցված «Պիրամիդան» մայրաքաղաքի հյուրերին ու քաղքենիներին ցերեկները ծառայում է որպես սովորական սրճարան, իսկ գիշերը վերածվում է չժանգոտվող ձողերի շուրջ գալարվող երկարոտ ուկրաինուհիների ու ռուս աղջիկների թամաշատեղիի:
Բայց պաշտպանության նախարարի օբյեկտը ազգաբնակչության մտավոր զարգացմանն էլ է ծառայում: «Պիրամիդայի» մի հատվածն օգտագործվում է որպես խանութ: Այնտեղ վաճառում են համակարգիչներ»,-հայտնում է թերթը:



























