ԱՄՆ Միչիգանի համալսարանի տարածքում անօդաչու մեքենաների փորձարկման համար նախատեսված քաղաքի մակետ են սարքել: Տարածքի մակերեսը գրեթե 13 հեկտար է, իսկ շինարարության համար 10 մլն դոլար է ծախսվել:
Համալիրը նման է ժամանակակից մեգապոլիսների տարբեր շրջանների: «М» քաղաքում, ինչպես այն անվանել են, սովորական ճանապարհներ կան, խաչմերուկներ, թունելներ: Այնտեղ նաեւ շենքերի ճակատամասեր, փողոցների ցուցատախտակներ եւ լուսակիրներ կան: Այս ամենը կարելի է փոխել՝ կախված նրանից, թե ինչ է փորձարկվում:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, «М» քաղաքում կարելի է իրական կյանքում առաջացող ցանկացած իրավիճակ մոդելավորել՝ հասկանալու համար, թե այդ դեպքում ինչպես կվարվի մեքենան կառավարող համակարգիչը:
«Քաղաքի» պահանջվածության մասին կասկած անգամ չկա. Google ընկերությունն առաջին տարին չէ, որ աշխատում է նման նորագույն համակարգերի ուղղությամբ: Ավելին, վերջին դեպքերը ցույց են տալիս, որ համակարգչով կառավարվող մեքենաները նախ պետք է փորձարկել աշխույժ ճանապարհներից հեռու:
2009 թվականից ի վեր՝ ծրագրի մեկնարկի պահից, Google-ի մեքենաները 14 վթարի մասնակից են դարձել:





























