ԱՄՆ Միչիգան նահանգում բնակվող Սազեռլենդների ընտանքին է վերադարձվել փախուստի դիմած իրենց կատուն, որը 19 ամիս անցկացրել է Հավայան կղզիներում, հաղորդում է The Huffington Post-ը։
Սազեռլենդները Հավայան կղզիներից Միչիգան են տեղափոխվել 2013թ. դեկտեմբերին։ Նախքան թռիչքը Բոգի անվամբ սիամական կատուն փախուստի էր դիմել օդանավակայանի՝ բեռների համար նախատեսված բաժնից։
United Airlines ավիաընկերությունը տեղեկացրել էր, որ չնայած օդնավակայանի աշխատակիցների ջանքերին, կատվին գտնել չէր հաջողվել։ Սազեռլենդների խոսքով՝ իրենք արդեն կորցրել էին կատվին գտնելու հույսը։ Բոգիին միայն 19 ամիս անց հնարավոր է եղել գտնել Hawaii CatFriends կազմակերպության կամավոր Բիլլի Անտիլիայի շնորհիվ։ Նա կես տարի առաջ օդնավակայանին հարակից տարածքում անօթեւան կատուների խումբ է հայտնաբերել:
Նրա ուշադրությունը գրավել է սիամական կատուն, որը մյուս կատուների համեմատ ավելի «մարդամոտ» է եղել։ Անտիլիան մի քանի ամսվա ընթացքում շահել է կատվի վստահությունը եւ իր վերջո բռնել նրան։ Կատվի վրա միկրոկրիչ է եղել, եւ արդյունքում պարզվել է, որ նա Սազեռլենդների Բոգին է։ Բոգին վերադարձվել է ընտանիքին, որն արդեն բնակվում է Դեթրոյթում։





























