Գերմանական «Deutsche Welle‎» հեռուստաընկերությունը ռեպորտաժ է նկարահանել Լեռնային Ղարաբաղի մասին, որը կոչել է «Լեռնային Ղարաբաղի լարվածություն աճում է»:

Հեղինակի խոսքով, Ղարաբաղում հակամարտությունը երկար ժամանակ անուշադրության է մատնված, թեեւ 20 տարի առաջ պատերազմում զոհվել էր մոտ 30 հազար մարդ:

Հաշտությունը խաղաղություն բերեց, սակայն վերջին ժամանակներս տեղեկություններ են ստացվում հրադադարի խախտումների մասին:

Սյուժեում նկարահանված ղարաբաղցիներից մեկն ընդգծում է, որ իրենք պատերազմ չեն ուզում, այլ միայն պաշտպանում են իրենց հողը, եկեղեցիներն ու ընտանիքները: Միաժամանակ Ղարաբաղի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանն ընդգծել է, որ ղարաբաղցիները պատերազմից չեն վախենում: «Մենք կարծում ենք, որ կարող ենք համարժեք պատասխան տալ պատերազմ սկսելու փորձերին»,-ասել է նա:

Ռեպորտաժի հեղինակը այցելել է ոչ միայն Ստեփանակերտ, այլեւ մարտական դիրքեր՝ հավելելով, որ ընդամենը մի քանի տասնյակ մետր է բաժանում հակամարտության կողմերին միմյանցից եւ Կովկասում եւս մեկ արյունալի պատերազմից: