Ֆրանսիայի հյուսիս-արեւմուտքում՝ Մորբիան դեպարտամենտում գիշերը տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով 4 պատանի է զոհվել, եւս 10-ը վիրավոր են: Այս մասին հաղորդում է i-Tele-ն:

Միկրոավտոբուսը, որում 14 մարդ է եղել, դեռեւս չպարզված պատճառներով դուրս է եկել մայրուղում եւ մի քանի անգամ շրջվել: Պատանիները վերադառնում էին երեկույթից: Բոլորը, այդ թվում՝ վարորդը, 14-17 տարեկան են:

Citroen Berlingo ավտոմեքենան, որը, ենթադրաբար, պատկանում է տուժածներից մեկի հորը, նախատեսված է ընդամենը 7 ուղեւորի համար:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, ողջ մնացած ուղեւորները լուրջ վնասվածքներ են ստացել, 16-ամյա մի պատանի ծանր վիճակում տեղափոխվել է Ռեն քաղաքի հիվանդանոց:

RTL ռադիոկայանի հաղորդմամբ, ոստիկանությունը ստուգում է ուղեւորների արյան մեջ ալկոհոլի եւ թմրանյութերի առկայությունը: