Ռուսաստանի Բելգորոդ շրջանում ոչնչացվել է պատժամիջոցների ենթարկված պանրի առաջին խմբաքանակը։
Կարծր կենցաղային թափոնների աղբավայրում բուլդոզերով ոչնչացվել է տասը տոննայից ոչ պակաս պանիր, այս մասին «Դոժդ»-ին հաղորդել է Ռուսաստանի անասնաբուժական եւ բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության Բելգորոդի մասնաճյուղի մամլո ծառայությունը։ Վերահսկողության ծառայության գրասենյակում պարզաբանել են, որ ապրանքը առգրավել էին դեռեւս անցած ամիս, քանի որ փաթեթավորման վրա անհրաժեշտ դրոշմապիտակը չի եղել։
Հիշեցնենք, որ սույն թվականի հուլիսի 24-ին Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է հետ ուղարկելու փոխարեն ոչնչացնել ՌԴ ներմուծվող ապրանքները, որոնք շրջանցել են էմբարգոն կամ հայտնաբերվել են սահմանին։ «Առիթից օգտվելով՝ կցանկանայի ձեզ եւ Ռուսաստանի կառավարությանը խնդրել անել ամեն ինչ, որպեսզի մենք կարողանանք տեղում ոչնչացնել ՌԴ անօրինական ներկրվող ապրանքատեսակները», ասել է նախարարը։
Պուտինը համաձայնվել է առաջարկի հետ եւ արդեն հուլիսի 29-ին հրաման ստորագրել Ռուսաստան ներմուծված եւ էմբարգոյի ենթարկված ապրանքատեսակների ոչնչացման մասին:





























