Չինաստանի հարավ-արեւմուտքում՝ Յունան եւ Գույչժոու նահանգներում հորդառատ անձրեւների հետեւանքով ընդհանուր առմամբ տուժել է 230 հազար մարդ, ոչնչացվել են գյուղատնտեսական ցանքերի ընդարձակ տարածքներ։ Այդ մասին հաղորդել է «Սինհուա» գործակալությունը։
Գույչժոու նահանգում ջրի տակ է անցել 2,4 հազար հեկտար վարելահող, ավերվել են ճանապարհներ եւ հաղորդակցության միջոցներ, մոտ 1,56 միլիոն դոլարի չափով տնտեսական վնաս է հասցվել։ Յունանում տուժել է 1,6 հազար հեկտար գյուղատնտեսական հող։ Լիցզյան զբոսաշրջային հայտնի քաղաքում 132 հոգու շտապ տարհանել են, ամբողջ փողոցներ, քաղաքներ ծածկվել են ջրով, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Օդերեւութաբանական ծառայությունների տվյալների համաձայն, անձրեւները կշարունակվեն եւս երկու օր։




























