Օգոստոսի 15-ին մի քանի պայթյուն է որոտացել չինական Տյանցզին քաղաքում տեղի ունեցած արտակարգ պատահարի վայրում, որտեղ օգոստոսի 12-ին թունավոր նյութերով լի պահեստի պայթյունը 85 մարդու կյանք էր խլել։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ թունավոր նյութերի տարածման վտանգի պատճառով իշխանությունները սկսել են տեղի բնակիչների տարհանումը։ Մարդկանցով լցված երեք ավտոբուս արդեն դուրս է եկել պատահարի վայրից, եւս մեկ ավտոբուս պատրաստվում է մեկնելու, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ 

Մինչ այդ, պայթյունի վայր էին եկել զինվորականներ քիմիական նյութերից պաշտպանող համազգեստով․ նրանք փնտրելու են ողջ մնացածների։ 

Պայթյունը տեղի էր ունեցել Չինաստանի արեւելքում՝ Տյանցզին նավահանգստաարդյունաբերական քաղաքում՝ «Ժույհայ» ընկերության լոգիստիկ պահեստում, չորեքշաբթի օրը տեղական ժամանակով 23:30-ին։ Ականատեսների վկայությամբ, պայթյունի ալիքը ջարդել է բնակելի տների ապակիները երկու կիլոմետր շառավղով եւ վնաս է հասցրել ավելի քան հազար մեքենայի։ Պայթյունից անմիջապես հետո, որի հզորությունը գնահատվում է 3 տոննա տրոտիլային համարժեքով, դեպքի վայրում հզոր հրդեհ է բռնկվել։ Հրդեհից հետո պահեստում եւս մի քանի պայթյուն է տեղի ունեցել։ Դրանցից ամենահզորի ուժը հավասար է եղել 21 տոննա տրոտիլի։   85 մարդ է զոհվել, ներառյալ՝ 21 հրշեջ։ Ավելի քան 720 մարդ հիվանդանոց է տեղափոխվել։