Օգոստոսի 21-22-ին հյուսիս-արեւմուտքից հանրապետության տարածք կներթափանցեն ցուրտ օդային զանգվածներ ինչի արդյունքում ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով եւ ամսի 22-ին մայրաքաղաքում չի գերազանցի +33...+34 աստիճանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՏԿԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նրա խոսքով, այսօր եւ վաղը օդի ջերմաստիճանը կնվազի 1-2 աստիճանով, Երեւանում տատանվելով +37...+39 աստիճանի սահմաններում, օգոստոսի 19-20-ին այն նույնքանով կբարձրանա սպասվում է մինչեւ +40 աստիճան տաքություն:

«Օգոստոսի 12-16-ին Արարատյան դաշտում եւ Երեւանում օդի ջերմաստիճանը կայուն տատանվել է +40...+41 աստիճանի սահմաններում, իսկ Օգոստոսի 15-ին Երեւան Արաբկիր օդերեւութաբանական կայանում գրանցվել է +41,4, իսկ օգոստոսի 16-ին Արարատում +41,8 աստիճան տաքություն: Օդի օրական միջին ջերմաստիճանը վերջին 5 օրերին նորմայից բարձր է 5-7 աստիճանով»,-նշել է Սուրենյանը:

Նա նկատել է, որ տեւականության առումով այս տարի Հայաստանում շոգերն աննախադեպ են. օդերեւութաբանական պատմության մեջ. Հայաստանում վերջին 170 տարիների ընթացքում նման տեւական շոգեր չեն եղել: