Բոսթոնիում ահաբեկչության մասին քրեական գործով մահապատժի դատապարտված Ջոհար Ցարնաեւի փաստաբանները նոր դատ անցկացնելու միջնորդություն են ներկայացրել: Նրանք պնդում են, որ նոր դատական գործընթացը պետք է անցկացնել Բոսթոնի սահմաններից դուրս, քանի որ Բոսթոնում Ցարնաեւն արդար դատաքննության շանսեր չի ունեցել:

39 էջից կազմված փաստաթուղթը փոխանցվել է մարզային դատարան, հաղորդում է NEWSru.com-ը՝ վկայակոչելով The Boston Globe-ը:

Ներկայումս «բոսթոնյան ահաբեկիչը» գտնվում է Քոլորադոյի նահանգի հատուկ ռեժիմի «Սուփերմաքս» բանտում:

Մարզային դատախազը նախատեսում է նրան վերադարձնել Մասաչուսեթսի նահանգ՝ քննչական գործողությունների համար, քանի որ Ցարնաեւը կարող է անցնել եւս մեկ քրեական գործով: Խոսքը ոստիկան Շոն Քոլյեի սպանության գործի մասին է:

Հիշեցնենք, որ 2013 թվականի ապրիլի 15-ին Բոսթոնում մարաթոնի ժամանակ երկու պայթյուն էր որոտացել, որի հետեւանքով մահացել էր երեք մարդ, ավելի քան 260-ը վիրավորվել էր: Նրանցից ոմանք հաշմանդամ էին դարձել: Պայթյունների կազմակերպիչն ու իրականացնողը եղել են Ջոհար Ցարնաեւն ու նրա ավագ եղբայրը՝ Թամերլան Ցարնաեւը: Ահաբեկչությունից մի քանի օր անց փոխհրաձգության ժամանակ սպանվել էր ոստիկան Քոլյեն, իսկ հատուկ գործողության ժամանակ սպանվել էր Ցարնաեւ ավագը: