Տավուշի մարզում օգոստոսի 23-ին գազալցակայանում վիրավորված 49-ամյա Հրաչ Եսայանը գազալցակայանի աշխատակիցն է եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Նորաշենի գյուղապետ Գոռ Աբրահամյանը, որի համագյուղացին է վիրավորը:

«Պայթյուն չի եղել, գազալցակայանի լիցքավորողը մոտեցել է, որ գազի բալոնը փակի, այդ պահին բալոնի փականը դուրս է եկել, բալոնը մեքենայի միջից դուրս է ընկել եւ լիցքավարողն այդ հարվածից խփվել է պատին, ինչի հետեւանքով էլ վնասվածքներ է ստացել»,- ասաց գյուղապետը:

Նշենք, որ Հրաչ Եսայանը տեղափոխվել է Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Նրա վիճակը ծանր է:

Ավելի վաղ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2015թ. օգոստոսի 23-ին ժամը 20.15-ի սահմաններում Տավուշի մարզի Նորաշեն գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն: Պարզվել է, որ պայթել է «ԳԱԶ53» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը, ինչի հետեւանքով տուժել է 1966 թ. ծնված Հ. Ե.-ը, որը տեղափոխվել է Բերդ քաղաքի ԲԿ: