Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով նախաքննությունը շարունակվում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց գործով մեղադրյալ, ինստիտուտի պետի արդեն նախկին տեղակալի որդու՝ Գնել Թեւոսյանի փաստաբան Արա Զաքարյանը՝ նշելով, որ նախաքննությունը դժվար թե մինչեւ օգոստոսի վերջ ավարտվի:

«Նախաքննությունը դժվար թե ավարտվի առաջիկայում, քանի որ ոչ բոլոր փորձաքննությունների եզրակացություններն են ստացվել: Նշանակվել է Հայկազ Բարսեղյանի հոգեվիճակի վերաբերյալ հոգեբանական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռ չի ստացվել»,- ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Երեւանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Մեղադրանք է առաջադրվել Հայկազ Բարսեղյանի համածառայակիցներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թեւոսյանին եւ Նորիկ Սահակյանին, նրանք կալանավորված են: